գլխավոր Հասարակություն Շուրջ 10 տարի հոգեմետ դեղորայք օգտագործող Նաիրի Հունանյանը հարցաքննվել է՝ «Հոկտեմբերի 27»-ի...

Շուրջ 10 տարի հոգեմետ դեղորայք օգտագործող Նաիրի Հունանյանը հարցաքննվել է՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որը հոգեմետ դեղեր է օգտագործում դեռևս 2010թ.-ից, հարցաքննվել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի՝ վերաբացված մասի շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործով հարցաքննվել է ընդհանուր առմամբ մոտ 10 անձ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը և մյուս դատապարտյալները։

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որի դիմումի հիման վրա էլ քրեական գործը երկու տարի առաջ վերաբացվել է։

«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի անջատված մասով, որով վերաբացվելուց հետո նախաքննություն է իրականացվում ԱԱԾ-ում՝ ենթադրյալ կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ։ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ տնօրենին հանձնարարություն էր տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, որոնցով գործընթացները շարունակվում են։ Բացի այդ՝ բազմաթիվ առգրավումներ են կատարվել, այդ թվում՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող անձանց անձնական գործեր, կոնկրետ հանցագործության վերաբերյալ քրեական գործերի նյութեր, նաև ձայնագրություններ, վերջիններս ուղարկվել են փորձաքննության, որոնք ընթացքի մեջ են:

«Մշակված և առաջ են քաշված մի քանի վարկածներ, մշակված է քննչական պլան, ըստ որի էլ քննությունը շարունակվում է»,- նշեց Աբրահամյանը:

Քննությունն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ դեպքի կազմակերպմանն այլ անձանց՝ հնարավոր կազմակերպիչների և դրդիչների մասնակցության վերաբերյալ հանգամանքների պարզումը, տվյալների ստացումը, կիրառված ապօրինի-զենք զինամթերքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակի պարզումը։ Երրորդ ուղղությունը վերաբերում է այն անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալուն, որոնք ունեին անվտանգությունն ապահովելու նմանատիպ դրսևորումները, երևույթները կանխելու պարտավորություն։

Քրեական գործի շրջանակներում դեռևս մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Հարցին՝ արդյո՞ք նախքան հարցաքննվելը Նաիրի Հունանյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն, պարզվե՞լ է՝ Հունանյանը մեղսունակ է, թե ոչ՝ նկատի ունենալով, որ 2010թ.-ից Հունանյանն օգտագործում է հոգեմետ դեղեր, Աբրահամյանը զերծ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ քրեական գործի հանգամանքների մասին այլ տվյալներ չի կարող տրամադրել, քանի որ դրանք գաղտնիության ավելի բարձր բաղադրիչ ունեն։

Նշենք, որ Նաիրի Հունանյանի՝ հոգեմետ դեղորայք օգտագործելու մասին պաշտոնապես հայտնել են ՀՀ քրեակատարողական ծառայությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ դեռեւս 2019թ.-ին ։

ՔԿԾ-ից պաշտոնապես փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Հունանյանը 2010թ ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա:

Իսկ թե արդյո՞ք իրավապահները պարզել են Հունանյանի մեղսունակությունը՝ նրան նշված գործով հարցաքննելուց առաջ՝ հայտնի չէ, սակայն փաստ է, որ նրա ցուցմունքները չեն կարող ունենալ ապացուցողական որեւէ նշանակություն՝ առանց մեղսունակության վերաբերյալ որեւէ գրավոր ապացույց ունենալու։

Մինչդեռ նրա բժշկական հետազոտության արդյունքները հայտնի են թե կառավարությանը եւ թե վարույթն իրականացնող մարմնին, գիտեն, որ նա ադեկվատ չէ, հետեւապես ահաբեկչին քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը, ինչպես արվեց 1999-2000թթ., դատապարտվեցին ձախողման։ Նրա հոգեկան անհավասարակշիռ լինելու մասին տեղեկությունը փորձ է արվում  հանրությունից գաղտնի  պահել՝  թերեւս հանրային դաշտում մանիպուլյացիաներ իրականացնելու նպատակով։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։