գլխավոր Իրադարձային Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը իրավապահների թիրախում է. Նրա դեմ...

Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը իրավապահների թիրախում է. Նրա դեմ հաղորդում է ներկայացվել 28.5 մլն դրամ հափշտակելու մասին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ «Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցչի կողմից՝ Սարգսյանի կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից։

«Ստացված տեղեկությունների համաձայն, այսօր «Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցիչը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին՝ նախկին սեփականատեր Ա. Ս.- կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին։

Խնդիրը կայանում է նրանում, որ «Սուրբ աղբյուրը» ծառայություն է մատուցել գործընկեր կազմակերպություններից մեկին, որի գինը կազմեկ է մոտ 28.5 մլն դրամ։ Որոշ ժամանակ անց, Ա.Ս-ն այդ կազմակերպությունից կանխիկ ստացել է նշված գումարը, սակայն «Սուրբ աղբյուրի» դրամարկղ մուտք չի արել և ենթադրաբար՝ հափշտակել է։

Հիշեցման կարգով նշեմ, որ Ա.Ս.-ն Աղվան Հովսեփյանի դեմ ակնհայտ կեղծ ցուցմունքներ տված անձանցից մեկն է։ Տեսնենք իրավապահ մարմինները արդյո՞ք նույն ջանասիրությամբ ձեռնամուխ կլինեն իրենց սրտի վկայի կատարած արարքի բացահայտմանը, թե՝ կհիմնավորվի մեր այն տեսակետը, որ վերջինիս երաշխիքներ են տրվել թե կկոծկվեն նրա կատարած բոլոր ապօրինությունները»,- գրել է Խաչիկյանը։

Ի դեպ, ավելի վաղ Գագիկ Խաչիկյանը հայտնել էր Աղվան Հովսեփյանի գործով նոր զարգացումների մասին ու տեղեկացրել, որ հնարավոր է մեղադրյալն ու տուժողը տեղերով փոխվեն։