գլխավոր Միջազգային Այդ հայտարարությունը հետքայլ չէր. Սպիտակ տունը մեկնաբանել է Վաշինգտոնի և Անկարայի միջև...

Այդ հայտարարությունը հետքայլ չէր. Սպիտակ տունը մեկնաբանել է Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական սկանդալը

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել բարձրաձայնել իր տեսակետները Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ միաժամանակ աշխատելով Վաշինգտոնի և Անկարայի միջև դաշնակցային հարաբերությունների պահպանման ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք շարունակելու ենք բարձրաձայնել ակտիվիստների, լրագրողների (մյուսների) կալանավորման մասին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թուրքիայում: Եվ նաև մասնավոր կերպով և հրապարակայնորեն բարձրաձայնում ենք խնդիրները, երբ մտահոգված ենք, ինչպես եղավ այս դեպքում», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ անդրադառնալով թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի հետ կապված իրավիճակին։

Միաժամանակ Փսակին վստահություն է հայտնել, որ Անկարան և Վաշինգտոնը, ինչպես նախկինում, կառուցողականորեն կհամագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ չնայած առկա հակասություններին։

«Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցը, մի երկիր, որի հետ մենք ապագայում կշարունակենք աշխատել ընդհանուր շահերի սպեկտրի վրա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նա նաև պնդել է, որ Թուրքիայի օրենքները հարգելու մտադրության մասին հայտարարությունը, որը երկուշաբթի Անկարայում արվել է 10 երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Կանադայի դեսպանների կողմից, հետքայլ չէ մարդու իրավունքների ոլորտում նախկին դիրքերից:

«Դա (հայտարարությունը) ոչ մի կերպ չպետք է դիտարկել այս տեսանկյունից»,- համոզված է Պսակին:

Մինչդեռ երեկ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան հետքայլ է համարում երկուշաբթի 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունն առ այն, թե իրենք մտադիր են հարգել Թուրքիայի Հանրապետության օրենքները: 

«Թուրքիայում արդարադատությունը չի լսի ոչ մեկի հրամանը։ Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղված են ուղղակիորեն մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե հարգանք չի ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Նրանց նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել։ Այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,- ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հոկտեմբերի 21-ին Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական հարցերին:Նույն օրը նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման կապակցությամբ։

ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 18-ի հայտարարության հետ կապված մի շարք խնդիրների լուծման նպատակով դիվանագիտական առաքելությունն ընդգծում է հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանությունները, որոնք աջակցել են Օսման Քավալայի գործով հայտարարությանը, կիսվել են ԱՄՆ դիվանագիտական առաքելության այս հրապարակմամբ: Ավելի ուշ նրանց միացել են Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։

Շաբաթ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ հանձնարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 երկրների դեսպանների, որոնք հայտարարություն են արել Քավալայի գործով դատավարության վերաբերյալ։