գլխավոր Միջազգային Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ...

Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում. Ալիև

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի օկուպացված տարածքներում ծանոթացել են Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին։

Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովն ավտոմայրուղու հիմնարկեքի արարողության ժամանակ նրանց տեղեկացրել է ընթացիկ աշխատանքների մասին։

«Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման, այնպես չէ՞: Դուք կգնաք ավելի հեռու»,- Էրդողանի խոսքը մեջբերում է minval.az-ը:

«Այո, այնտեղից մենք կգնանք այն կողմ: Ալլահի օգնությամբ կհասնենք Ստամբուլ, Եվրոպա»,- պատասխանել է Մամեդովը:

Մինչդեռ Ալիևը հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կկապի ամբողջ թուրքական աշխարհը:

«Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Onnet.am) իրագործման համար, և ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց արդյունքը կտան մոտ ապագայում»,- ասել է Ալիևը։