գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը մտադիր է վերացնել վիզաների տրամադրման հետ կապված ձգձգումները

ԱՄՆ-ը մտադիր է վերացնել վիզաների տրամադրման հետ կապված ձգձգումները

Միացյալ Նահանգները մտադիր է վերացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումները ամբողջ աշխարհում՝ երկիր մուտք գործելու նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականի առաջին տեղակալ Դուգլաս Բենինգը՝ օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից երկուշաբթի ստորագրված հռչակումը, որը վերաբերում է երկիր մուտք գործելու նոր կանոններին, «ի տարբերություն նախորդների, չի սահմանափակում արտասահմանում մեր դեսպանություններում եւ հյուպատոսություններում վիզաների տրամադրումը»:

«Ես նաեւ ցանկանում եմ նշել, որ COVID-19 պանդեմիան, իհարկե, հանգեցրել է Պետդեպարտամենտի վիզաների տրամադրման հնարավորությունների խորը կրճատմանը։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի ապահով և արդյունավետ կերպով քննարկենք վիզաների դիմումները ամբողջ աշխարհում՝ համաձայն գիտական գիտելիքների և առողջապահական պահանջների։ Մենք ձգտում ենք վերացնել վիզաների տրամադրման ձգձգումները հնարավորինս արագ եւ անվտանգ», – ընդգծել է նա։