գլխավոր Իրադարձային Առնետների հավաքակայան է. Մարությանը` բազմաբնակարաններում աղբամուղերի և դրանք փակելու մասին

Առնետների հավաքակայան է. Մարությանը` բազմաբնակարաններում աղբամուղերի և դրանք փակելու մասին

Երևանի բազմաբնակարան շենքերում աղբամուղերի փակման վերաբերյալ այլընտրանք կամ այլ լուծում չկա ու չի կարող լինել։

Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց ավագանու նիստի ժամանակ` մտքերի փոխանակության ընթացքում։

Աղբամուղերի փակման հարցը բարձրացրեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։ Նա նշեց, որ այդ հարցը շատ է հուզում բազմաբնակարանների բնակիչներին։ Ավագանու անդամը հորդորեց գործընկերներին, որպեսզի աղբամուղերը փակելուց առաջ բնակիչներին առաջարկեն այլընտրանքային լուծումներ կամ աղբամաններն ավելի մոտ տեղադրվեն շենքերին։

«Սա միջազգային լավագույն փորձն է։ Իմ կողմից հստակ հանձնարարական կա, որպեսզի այն շենքերում, որտեղ փակվում են աղբամուղերը, հարակից տարածքում անմիջապես տեղադրվի աղբաման։ Այդտեղ սկսում է աշխատել ԵԱՍՄ–ն` մայրաքաղաքին վայել աղբատար մեքենաներով»,– շեշտեց Երևանի քաղաքապետը։

Նա ընդգծեց, որ այդ աղբամուղերի պատճառով շենքերում և բակերում առկա է գարշահոտություն, բացակայում են սանիտարական նորմերը, առնետների համար էլ «հավաքակայան» է։

Մարությանը նաև անդրադարձավ Ավանեսովի նշած այն խնդրին, որ հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձինք ամեն անգամ աղբը թափելիս դժվարություններ են ունենում։

«Եվրոպական զարգացած երկրներում էլ, ցավոք սրտի, կան հաշմանդամություն ունեցող, տարեց անձինք կամ առանց վերելակի շենքեր։ Ոչ մի շենքում չկա աղբամուղ, և մենք նման քաղաքները վերցրել ենք որպես նշաձող ու շարժվում ենք այդպես»,– նշեց Մարությանը։

Վերջինս բարկացած շեշտեց, որ քաղաքացիներից շատերն անգամ տանը եփած ճաշերն են ուղղակի լցնում աղբամուղերի մեջ։

Նշենք, որ հուլիսի 12-ի տվյալներով` Երևանում փակվել է շուրջ 860 աղբամուղ։