գլխավոր Քաղաքականություն Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական...

Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայստանի և Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մի շարք հարցեր կան, որոնց պետք է պատասխանի իշխանությունը: «Հետպատերազմյան իրավիճակում իշխանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի վերականագնման, այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումների հարցում: Իրավիճակային առումով որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այսօր, վաղը և հետագա տարիներին զսպելու կամ հետագայում դիմակայելու այն բոլոր փորձություններին ու սպառնալիքներին, որոնք կարող են լինել»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ դիմել էր ԶՈւ ԳՇ պետին՝ առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, ինչին ԳՇ պետը չի արձագանքել, իսկ հետո արձագանել է պաշտպանության նախարարը՝ նշելով, թե Աբրահամյանի այցն այդտեղ նպատակահարմար չի համարում:

«Սա շատ ավելի խորացրեց այն մտահոգությունները, որոնք առկա են: Ինքնին ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ ունենք սահմանազատման հետ կապված բարդագույն իրավիճակ։

«Հայաստանը, ի զարմանս ինձ, միանգամից փորձում է միջազգային հանրությանն ու բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով, ընդհուպ, հղում է անում խորհրդային քարտեզներին, որոնց հիման վրա պետք է տեղի ունենան այդ գործընթացները»,-ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ իշխանության՝ այս հրատապ քայլերի իրականացումը, շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել։