գլխավոր Քաղաքականություն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ն փողոցային պայքարի. մեկնաբանում են խմբակցությունները

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ն փողոցային պայքարի. մեկնաբանում են խմբակցությունները

«Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 9-ին և 10-ին հայտարարել են հանրահավաքի մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են աջակցել, համագործակցել, միանալ ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։ Մամիջանյանը հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մաս կազմող քաղաքական ուժերը ունեն համատեղ աշխատանքի մեծ փորձ, որևէ խնդիր չունեն առանձին-առանձին, համատեղ և այլ ուժերի ներգրավմամբ շատ արագ կազմակերպել այս կամ այն տեսակի միջոցառումներ։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարին մասնակցելու, Մամիջանյանը նշեց, որ երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։

«Արցախի ազատագրման, երկու պատերազմների մասնակից նախագահ Սարգսյանը չի կարող լինել կոմֆորտ զոնայում, երբ ինչ որ կապիտուլյանտ մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումը «թոզմիշ» արեց։ Երրորդ նախագահը իր ողջ գործիքակազմով փորձելու է կանխել աղետը»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ կաշկանդվածություն չեն ունեցել, որ որևէ քաղաքական անձ լինի առաջին գծում։ Մինասյանը նշեց, որ եթե պետք է բոլորի համատեղ մասնակցությունը, ուրեմն վստահ է, որ բոլորը այնտեղ կլինեն։

«Որևէ մեկի, հատկապես Արցախը ազատագրած մարդկանց համար հիմա չի կարող կոմֆորտ զոնա լինել»։

Պատգամավորը հայտնեց, որ բոլոր գործիքներն օգտագործելու են, որ կանխեն այն, ինչ ներկայում անում է Հայաստանի իշխանությունը։