գլխավոր Միջազգային Սուդանում զինվորականներն անհայտ ուղղությամբ տարել են վարչապետին. բնակիչները վերջինիս կոչով դուրս են...

Սուդանում զինվորականներն անհայտ ուղղությամբ տարել են վարչապետին. բնակիչները վերջինիս կոչով դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ ռազմական հեղաշրջման

Սուդանում զինվորականները երկրի վարչապետ Աբդալլա Համդոկին տարել են անհայտ ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարարությունից:

Տնային կալանքի տակ հայտնված Համդոկն ավելի վաղ կոչ էր արել երկրի բնակիչներին դուրս գալ փողոց և պաշտպանել հեղափոխությունը: Գերատեսչությունից հայտնում են, որ զինվորականները ճնշում են գործադրում վարչապետի վրա, որպեսզի վերջինս ռազմական հեղաշրջմանն աջակցող հայտարարություն անի:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք նախարարներ և քաղաքական գործիչներ են ձերբակալվել: Սուդանի ինքնիշխանության խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և վարչապետի հանդիպումից հետո վերջինս ևս հայտնվել էր տնային կալանքի տակ:

Զինվորականները շրջափակել են մայրաքաղաք Խարթումն ու անջատել ինտերնետ կապը, մինչդեռ ցուցարարները դուրս են եկել փողոց և մի քանի ճանապարհ փակել: Նրանք անվադողեր են այրում:

Հաղորդվում է, որ նոյեմբերին լրանում է Սուդանի ինքնիշխանության խորհրդի անցումային կառավարման ժամկետը, որը պետք է իշխանությունը փոխանցի քաղաքացիական կառավարությանը: Մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով զինվորականներից փոխանցել իշխանությունը:

Հաղորդվում է, որ զինվորականները Խարթումում վերահսկողության տակ են առել «Ալ-Արաբիա» պետական հեռուստառադիոընկերության շենքը: