գլխավոր Իրադարձային Սաակաշվիլին նմանակում է Հիտլերին. Վրաստանի վարչապետ

Սաակաշվիլին նմանակում է Հիտլերին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «կրկնօրինակում է Հիտլերին», հաղորդում է Թբիլիսիում ՎԶԳԼՅԱԴ թերթի թղթակիցը։

«Միգուցե Սաակաշվիլիի և Հիտլերի համեմատությունը պարադոքսալ է և անկապ, բայց այս մարդը (Սաակաշվիլին) ամեն ինչում նմանակում է Հիտլերին: Պարզապես Սաակաշվիլին կեղծ Հիտլեր է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ժամանակին Հիտլերը բանտում հացադուլ է հայտարարել, և նրա մոտ բազմաթիվ այցելուներ են եկել։

«Այս թշվառ մարդը (Սաակաշվիլին) նման տեսարան բեմադրեց բանտում: Սա մոտավորապես նույնն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հիտլերը նորից պահանջեր վերադառնալ իշխանության», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը Սաակաշվիլիին մեղադրել է «երկիրը կործանելու, դրա նկատմամբ բռնություն գործադրելու, սպանությունների, տարածքների կորստի համար»։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: