գլխավոր Իրադարձային Պահանջում ենք հրապարակել զոհվածների անունները և վերադարձնել գերիներին․ հայտարարություն

Պահանջում ենք հրապարակել զոհվածների անունները և վերադարձնել գերիներին․ հայտարարություն

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հոկտեմբերի 21-ին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցներս ելնելով պետության և ազգային շահից, կարևորելով հետպատերազմական իրավիճակում ճիշտ քայլերով և գործողություններով պատերազմի հետևանքների հնարավորին չափ մեղմացումը և Հայաստանի հետագա զարգացման համար հենքի ստեղծումը, անհրաժեշտ ենք համարում գործող վարչախմբից պահանջել.

1. Մինչև նոյեմբերի 10-ը հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անունները և այն վայրը, որտեղից նրանք զորակոչվել են:

2. Անհապաղ աշխատանքներ իրականացնել ռազմաճակատի գիծը պատշաճ մակարդակի բերելու, ինժեներական անհրաժեշտ կառույցներ ստեղծելու և մեր զինվորներին և սպաներին վրանային պայմաններից ազատելու համար:

3. Անհապաղ բոլոր գերիներին վերադարձնել Հայաստան, առանց դրա դիմաց լրացուցիչ զիջումների, հատկապես տարածքային զիջումների:

4. Ջանքեր գործադրել Գորիս-Կապան մայրուղուց հեռացնել ադրբեջանցի բոլոր տեսակի զինված ծառայողներին և քաղաքացիական անձանց, միաժամանակ հրաժարվել պնդումներից, թե նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում:

5. Ազգային ժողովում ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ ընդդիմության ներկայացուցչի ղեկավարությամբ, հակառակ դեպքում կազմակերպել հանրային ատյան, պատերազմական հանցագործությունները վեր հանելու և դատավճիռ իրականացնելու համար:

6. Պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին (ծնողներ, ամուսին, երեխաներ), պատերազմում հաշմանդամություն ստացածներին և պատերազմի մասնակիցներին տրամադրել հատուկ կարգավիճակ՝ դրանից բխող լայն արտոնությունների թվարկումով:

7. Կոնդի պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում զոհվածների ընտանիքներին միջազգային մակարդակի վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:

8. Հստակ պատասխան տալ, թե պատերազմի օրերին Ստեփանակերտի ռազմական կառավարման կետում՝ բունկերում ինչ էին անում Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը, Արգիշտի Քյարամյանը և այլ քաղաքացիական անձինք, և ում հրամանով էին նրանք այնտեղ:

Այս ամենով հանդերձ, մենք գիտակցում ենք, որ երկիրը կարող է ոտքի կանգնել, ուղղել ողնաշարը, բռնել վերականգնման և զարգացման ճանապարհը բացառապես երկիրը պարտության և աղետի տարած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում»։