գլխավոր Աշխարհ Բեռլուսկոնին արդարացվել է անչափահասների մարմնավաճառության գործով վկային կաշառք տալու մեղադրանքով

Բեռլուսկոնին արդարացվել է անչափահասների մարմնավաճառության գործով վկային կաշառք տալու մեղադրանքով

Իտալիայի նախկին վարչապետ 85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին արդարացվել է անչափահասների մարմնավաճառության քրեական գործով վկային կաշառք տալու մեղադրանքով։ 

Ինչպես գրում է France24-ը, վկան դաշնակահար Դանիլո Մարիանին էր, որը ևս արդարացվել է: Նա մեղադրվում էր Բեռլուսկոնիից կաշառք ստանալու դիմաց աղմկահարույց «բունգա-բունգա» խնջույքների բուն բովանդականության մասին խաբելու համար: Պաշտպանության պնդմամբ՝ դաշնակահարին վճարված գումարը եղել է զուտ նրա երաժշտական կատարումների համար:

Աղջիկները, որոնք ներկա են եղել խնջույքներին, հետագայում այդ իրադարձությունները նկարագրել են որպես սեքս-խնջույքներ, բայց Բեռլուսկոնին միշտ պնդել է, որ դրանք ոչ այլ ինչ են, քան էլեգանտ ընթրիքներ:

2013 թվականին քաղաքական գործիչն առաջին ատյանի դատարանում մեղավոր էր ճանաչվել գիշերային ակումբի 17-ամյա պարուհու հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Սակայն դատարանը չէր կարողացել ապացուցել, որ քաղաքական գործիչը աղջկան վճարել է սեքսի համար, ապա վճիռը բեկանվել է վերաքննիչ դատարանի կողմից։