գլխավոր Քաղաքականություն Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի տեղեկատվական ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:  Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական  վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության  ստանձնած կարեւոր դերը  միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ տեւական խաղաղության հաստատման հիմնահարցերից՝ անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման խնդիրներին:

Մարգարետա Սեդերֆելթը ժողովրդավարության տեսանկյունից բարձր է գնահատել 2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ իրենց կառույցի ամբողջական զեկույցը շուտով պատրաստ կլինի: Նա շեշտել է ժողովրդավարության կարեւորությունը ընտրական եւ հետընտրական բոլոր գործընթացներում: