գլխավոր Քաղաքականություն Երկու քաղաքական գործիչ Նիդերլանդների կառավարությանը հարցեր է ուղղել Արցախի դեմ ագրեսիայի վերաբերյալ

Երկու քաղաքական գործիչ Նիդերլանդների կառավարությանը հարցեր է ուղղել Արցախի դեմ ագրեսիայի վերաբերյալ

Նիդերլանդների «Հանուն ժողովրդավարության ֆորում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Թիերի Բոդեն և անկախ պատգամավոր Վիբրեն ֆան Հագան գրավոր հարցեր են ուղղել կառավարությանը՝ Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ Հարցերը հրապարակվել են «Հանուն Ժողովրդավարության ֆորում»-ի պաշտոնական կայքում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը։

Խորհրդարանական հարցեր. Հայաստանի դեմ ագրեսիան պետք է դադարեցվի

Ադրբեջանը ռազմական ներխուժում է իրականացրել հայերի կողմից վերահսկվող Արցախի շրջան, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Այս ագրեսիայում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան: Էրդողանի ռեժիմը ռազմաճակատ է ուղարկել հարյուրավոր սիրիացի ջիհադիստների՝ հայերի դեմ կռվելու: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիան նույնիսկ F16-ով խոցել է հայկական ռազմական ինքնաթիռ:

Որպես տարածաշրջանային գերտերություն և ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ Թուրքիան պետք է միանա հրադադարի ռեժիմի կոչին: Փոխարենը, Էրդողանի ռեժիմը ևս նախընտրում է պատերազմել ընդդեմ Հայաստանի՝ նեոօսմանյան իմպերիալիզմի պատերազմ ընդդեմ քրիստոնեական երկրի, որն ավելի քան մեկ դար փորձում է գոյատևել թշնամական Թուրքիայի հարևանությամբ:

Նախարար Բլոկի լռությունը խլացնող է: Ինչո՞ւ սա ոչ մի հետևանք չունի Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու գործընթացում: Հարցն այն է, որ Թուրքիան միջոցներ է ստանում Նիդերլանդների հարկատուների վճարած հարկերից: Եվ ինչու՞ անմիջապես չի դադարեցվում Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը: Ինչո՞ւ Նիդերլանդները ՆԱՏՕ-ի շրջանակներում չի պնդում Թուրքիայի կողմից պատերազմի դադարեցման հարցում:

Այս պահվածքը չպետք է մնա անհետևանք, և Նիդերլանդները պետք է կանգնի քրիստոնյա հայերի կողքին: Ահա թե ինչու են Վիբրեն վան Հագան և Թիերի Բոդեն խորհրդարանում հետևյալ հարցերն ուղղում նախարար Բլոկին.

  1. Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից հարձակումը, որին աջակցում է Թուրքիան Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում:
  2. Տեղյա՞կ եք այն հաղորդագրությունների մասին, որ խոցվում են նաև Հայաստանի տարածքում գտնվող թիրախները:
  3. Ինչպե՞ս եք բացատրում Ձեր լուռ վերաբերմունքը Եվրոպայի սահմանին տիրող այս հակամարտության վերաբերյալ:
  4. Պատրա՞ստ եք Ադրբեջանի դեսպանից պատասխան պահանջել հակամարտության բռնկման և այս ռազմական գործողությունը սկսելու համար:
  5. Տեղյա՞կ եք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի դերի և Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին:
  6. Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ նախագահ Էրդողանի միջամտությունն ու ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցնում են հակամարտության առավել սրմանը:
  7. Ֆրանսիայի և Ռուսաստանի օրինակով, պատրա՞ստ եք պարզաբանում պահանջել Թուրքիայից Լեռնային Ղարաբաղում Սիրիայից զինյալների ներկայության մասին:
  8. Համաձայն չե՞ք, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, եթե պատերազմը շուտով չդադարեցվի: