գլխավոր Իրադարձային Իրանը մտադիր է կործանիչներ ձեռք բերել Մոսկվայից. բանակցություններն արդեն սկսվել են

Իրանը մտադիր է կործանիչներ ձեռք բերել Մոսկվայից. բանակցություններն արդեն սկսվել են

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերին հայտարարել է ռուսական կործանիչներ եւ ուղղաթիռներ գնելու շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին։

Նախօրեին Բաղերին ժամանել է Մոսկվա, հաղորդվել է, որ նա մտադիր է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել՝ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ ռուսական սպառազինության գնման մասին համաձայնագրի ստորագրումը:

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում (Մոսկվայի հետ) ռուսական կործանիչների եւ ուղղաթիռների գնման համաձայնագրերի իրականացման շուրջ», – Բաղերիի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

Նա նշել է, որ համաձայնագրերը կստորագրվեն ՄԱԿ-ի՝ Իրան զենք արտահանելու էմբարգոյի փուլի ավարտից հետո:

ՌԴ-ն Իրանի ռազմավարական դաշնակիցն է։ Կողմերը վարում են լայն առեւտրատնտեսական, ռազմական եւ քաղաքական համագործակցություն։ Ռուսաստանն արդեն մի քանի տարի է զբաղվում է Բուշերում իրանական ԱԷԿ-ի կառուցմամբ։