գլխավոր Աշխարհ Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը»...

Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը» սերիալը

Անգլիական Բեդֆորդշիրի խորհուրդը ծնողներին կոչ է արել իրենց երեխաներին թույլ չտալ դիտել Netflix  հոսքային ծառայության հիթ համարվող «Կաղամարի խաղը» (The Squid Game) սերիալը:

Ինչպես նշում է The Guardian-ը, պատճառը սերիալում առկա գրաֆիկական պատկերներն են ու բռնության տեսարանները:

Կենտրոնական Բեդֆորդշիրի խորհրդի կրթության հարցերով անվտանգության թիմն էլեկտրոնային փոստով նամակներ է ուղարկել ծնողներին՝ խորհուրդ տալով նրանց «զգոն լինել, քանի որ երեխաներն ու դեռահասները կրկնօրինակում են խաղերն ու բռնությունները» այդ սերիալից:

Նշվում է, որ վեց տարեկան երեխաները դպրոցական խաղահրապարակում կրկնօրինակում են սերիալում ներկայացվող ավանդական մանկական խաղերը, որոնք «Կաղամարի խաղ»-ում մահացու հետևանքներ են ունենում պարտվողների համար: Դրանում պարտք ունեցող մասնակիցները մանկական խաղեր են խաղում հանուն կանխիկ գումարի, սակայն ձախողման դեպքում նրանք գնդակահարվում են:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը, որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը:

««Կաղամարի խաղը» պաշտոնապես ունի 111 միլիոն երկրպագու, ինչն այն դարձնում է մեր երբևէ ամենամեծ սերիալի մեկնարկը»,- Twitter-ում գրառում է կատարել Netflix-ը:

Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։

Հարավկորեական սերիալը Netflix-ի չարտերը գլխավորել է 90 երկրում:

Netflix հոսքային ծառայությունը գնահատում է, որ «Կաղամարի խաղը», իրեն կբերի գրեթե 900 միլիոն դոլար: