գլխավոր Քաղաքականություն Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է. Սերբիայում ՀՀ դեսպան

Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է. Սերբիայում ՀՀ դեսպան

երբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել N1 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրողությունն Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հիման վրա հրապարակված հոդվածի ոչ պատոնական թարգմանությունը։

ՀՀ դեսպան. «Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է»

Դեսպան Աշոտ Հովակիմյանն ասում է, որ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի քաղաքների «ծանր ռմբակոծությունը»։ Նա համարում է սա մի ազգ կործանելու ծրագրի մեկնարկ: Դեսպանը պնդում է, որ բախումները Արցախը (Լեռնային Ղարաբաղը) ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մի մասն են կազմում: Նա ընդգծում է, որ Հայաստանը կողմ է բանակցային սեղանի շուրջ նստելուն: Պատասխանելով Սերբիայից Հայաստան զենքի արտահանման վերաբերյալ հարցին` դեսպանն ասաց, որ նրանք հրապարակավ չեն խոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին, և տարեվերջին ամեն ինչ կներառվի զեկույցներում:

Մեծ տերությունների պատմական որոշումները Լեռնային Ղարաբաղը դարձրել են դժվար լուծելի տարածքային վեճերից մեկը, ինչպիսին է նաև Կոսովոն: Միջազգայնորեն և իրավական առումով՝ ադրբեջանական, պատմականորեն և ազգաբնակչությամբ՝ հայկական, Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը, 25 տարի շարունակ գոյատևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «փխրուն» զինադադարի պայմաններում:

Վեց օր առաջ Հարավային Կովկասում կրկին վերսկսվեց հրաձգություն, շատ լուրջ զենքերից, ներառյալ՝ Սերբիայում արտադրվածները: Սերբիայում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով գտնվում է Պրահայում, ասում է. «Հակամարտությունը սկսել են ադրբեջանցիները, ինչը հենց իրենք են հաստատել: Նրանք իրականացնում են այն, ինչ վաղուց փափագում էին՝ Թուրքիայի օգնությամբ, այնպես որ, դա Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագիրն է», – հայտարարում է դեսպանը՝ N1 Studio Live-ին հյուրընկալման ժամանակ:

«Հաղորդումից անմիջապես առաջ լուր ստացա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և Հադրութ քաղաքի ծանր ռմբակոծության մասին: Խաղաղ բնակչության մեջ մեծ ավերածություններ կան, այնպես որ, սա ազգի ոչնչացման սկիզբ է, – հայտարարել է դեսպանը:

Այն հարցին, թե որն է այս հակամարտությունում Հայաստանի նպատակը, Հովակիմյանն ասաց, որ դա սեփական հողի վրա ապրելն է, զարգացումը, և հայ բնակչության անվտանգության ապահովումը՝ «իրենց պատկանող տարածքում»: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան այդ տարածքում, այլ ոչ թե՝ ցեղասպանություն լինի: Նա ասում է, որ Արցախը «Հայաստանի կողմից բռնազավթում չէ»՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղը հանրապետություն հռչակեց այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը լքեց ԽՍՀՄ-ը: «Սա ոչ թե հակամարտություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև», – ասաց նա:

Հայաստանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

Դեսպանի խոսքով, երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, «քանի որ կա մեկ միջազգային ձևաչափ, ընդունված միջազգային հանրության կողմից». դեռևս 2009թ.-ին Աթենքում ԵԱՀԿ նախարարական հանդիպումը հաստատեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքներ և ազգերի ինքնորոշման իրավունք: Այս հարցը պետք է լուծվի տվյալ շրջանակներում, և ոչ թե վերջնագրեր դնելով․ երկու-երեք կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան ապագայի վերաբերյալ:

Բանակցություններն երբեք չեն դադարեցվել, իսկ 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատվեց, որն այժմ խաթարում է Ադրբեջանը: Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, մենք նույնիսկ հիմա կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն պարոն (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը հրաժարվեց ԵԱՀԿ-ի (ՄԽ համանախագահների) մասնակցությունից,- ասում է N1-ի հյուրը: Այդ պատճառով Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիան, Ադրբեջանի տարածքից պետք է դուրս մղվեն Թուրքիան և ահաբեկիչները, ովքեր ցանկանում են պայքարել Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասաց նա, ավելացնելով, որ հայերն այժմ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ:

«Մեր հիմնական պահանջն է՝ Թուրքիային զսպելը, որը մտել է որպես հակամարտության կողմ»,- ընդգծում է N1-ի հյուրը: «Ոչ միայն Հայաստանն ունի ապացույցներ, այլև միջազգային հանրությունը: Այսօր ԵՄ գագաթնաժողովին Թուրքիային կոչ է հղված և վերջինիս դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում: Այն, որ նրանք այնտեղ են բերել ահաբեկիչներին, գաղտնի տեղեկատվություն չէ․ բոլոր խոշոր պետություններն ընդունել են դա: Մեկ այլ բան ևս. Թուրքիան ղեկավարում է նաև Ադրբեջանի օդային հարձակումը: Այնտեղ կան թուրքական F-16 ինքնաթիռներ», – ասում է դեսպանը:

«Տեղի են ունենում զանգվածային ռմբակոծություններ: Երեկ Հայաստանի տարածքում հայտնաբերվել է չորս անօդաչու թռչող սարք, իսկ դա արդեն հենց Հայաստանի ներքաշումն է այդ հակամարտության մեջ», – ընդգծում է հաղորդման հյուրը:

Կարծես թե, հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, Թուրքիան ներգրավվում է և ցանկանում լուծել հայ ժողովրդի գոյության հարցը Հարավային Կովկասում` հայ ժողովրդի բնօրրանում, կարծես թե սա է նրանց ծրագիրը: Այն, ինչ նրանք անում են, դրան է տանում: «Մենք կպաշտպանենք մեր երկիրը մինչ այն պահը, երբ ագրեսիան ավարտվի, բայց կրկնում եմ, որ մենք կողմ ենք խաղաղ, փոխզիջումային լուծմանը, որը կհամապատասխանի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներին»,- նշում է դեսպանը: Նա գտնում է, որ քարտեզին նայելիս տեսնում ես, թե ինչպես է Հայաստանը «խոչընդոտում թուրքական մի ծրագրի», և որ ամբողջ իրավիճակին պետք է «խորքային» նայել:

Զենքի և Կոսովոյի վերաբերյալ

Սերբիայի համար մեծ թեմա է այն, որ այս հակամարտությունում մարդկանց սպանում են մեր երկրում արտադրված զենքով, իսկ 2017 թվականից 19 արտահանման թույլտվություններից 15-ը ձեռք է բերել մեկ մասնավոր ընկերություն:

Դեսպանն ասում է, որ Հայաստանը չունի որևէ սահմանափակում զենք ներմուծելու համար, որ տարեվերջին զեկույցներ կներկայացվեն, որոնք, ինչպես ինքն է ասում, Հայաստանը պետք է ներկայացնի, համաձայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների: «Մենք հրապարակավ չենք խոսում մեր ռազմատեխնիկական համագործակցության մասին»,-ասաց Հովակիմյանը, հավելելով, որ ամբողջական տեղեկատվություն կտրվի, երբ կգա հաշվետվություններ տալու ժամանակը: «Սերբիայի կառավարությունը տեղեկացրեց, թե ինչպես է այդ ամենն եղել, և մենք դրան ավելացնելու որևէ բան այլևս չունենք», – ասաց դեսպանը: Ըստ նրա՝ Հայաստանը զենք է գնում տարբեր երկրներից, և պնդում է, որ Ադրբեջանն էլ ավելին է գնում: Իսկ Հայաստանն այն, ինչ անում է, անում է օրինական ճանապարհով,- հավելեց դեսպանը:

Հարցին, թե ինչպես կանդրադառնան Սերբիայի հնարավոր մերձեցմանը Բաքվի հետ և արդյոք դա կազդի Կոսովոյի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխության վրա, N1-ի հյուրը պատասխանեց, որ դա Սերբիայի արտաքին քաղաքականության հարց է, որ նա այստեղ ասելիք չունի, սակայն ավելացրեց. «Թող (Սերբիան) նայի, թե ինչ է անում Ադրբեջանը, ահաբեկիչներ ներմուծելով, խաղաղ բնակիչներ սպանելով:

«Սուրբ Սավայից մինչև 20-րդ դար բարեկամական շատ կապեր են եղել սերբերի և հայերի միջև: Հայաստանը չի ճանաչում Կոսովոն, բայց դա դիրքորոշում է առանց շանտաժի, մենք սպասում ենք, որ հարցը քաղաքական լուծում ստանա»,- ասում է նա: Հայաստանը չի ճանաչել Կոսովոն ոչ միայն այդ պատճառով, այլև /սերբերի հետ ունեցած/ պատմական խորը հարաբերությունների պատճառով։