գլխավոր Իրադարձային Ինձ մարդասպան էի զգում․ երեխաների աչքի առաջ ինձ գետնին գցած տանում էին....

Ինձ մարդասպան էի զգում․ երեխաների աչքի առաջ ինձ գետնին գցած տանում էին. Ռաֆայելյան (տեսանյութ)

Վազգեն Ռաֆայելյանը, որին երեխաների աչքի առաջ բերման էին ենթարկել ոստիկանները, Մալաթիա Սեբաստիայում՝ Կուրղինյան փողոցում գտնվող տարածքի աղբանոցը մաքրել ու հիմնել էր ավտոպահեստամասերի կետ՝ դեռ 2018-ի սկզբներին։ Հենց այս տարածքն է իրեն եկամտով ապահովել։ Սկզբում տեղադրել են տնակ, իսկ ձմռանը սկսել է կառուցել շինություն։ Հույս ուներ, որ այդտեղ մի օր նաև կբնակվեին, սակայն շինությունը քանդվել է մեկ ամռանը, մեկ էլ օրեր առաջ։

Երևանում բռնի ուժով բերման ենթարկված քաղաքացին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ շինությունն արդեն կառուցվել էր, սպասում էր սեփականության հարցերը լուծելուն։

«Զիբիլանոց է այստեղ եղել։ Ես բիզնես եմ արել՝ սկզբում տաքսի ծառայություն, պահեստամասերի կետ ունեցել։ Շինությունը կառուցել եմ փետրվար-հունվար ամիսներին, հետևի մասում սենյակ է եղել։ Երեխեքը պատերի վրա ամեն գալուց նկարում էին։ Առաջին անգամ շինությունը քանդելու ծանուցում էի ստացել հունիսին ու չորս օր հետո եկան, քանդեցին։ Գործերը գնաց դատարան, կասեցում եկավ։ Սպասում էի քաղաքապետարանից սեփականաշնորհման թղթին ու նորից կառուցեցի։ Հոկտեմբերի 13-ին եկան նորից քանդելու՝ առանց թույլտվության»։

Հոկտեմբերի 13-ին երեխաները սովորականի նման հայրիկի աշխատավայրում էին, երբ եկան չսպասված հյուրերը։ Երեք փոքրիկները նկատեցին տարածքը շրջափակող ոստիկաններին։

«Իրենք են անգամ տեսել երեխաներին։ Երեքն էլ վազել են նկարները վերցրել։ Ես այդ ժամանակ խանութում էի։ Ինձ ասում են, իբր, հայհոյել եմ, բայց ինձ գետնին գցած ձեռնաշղթա են հագցնում։ Ինչ էին իրենք մտածում՝ պետք է ասեի, ապրեք, լավ բան եք անո՞ւմ։ Երեխաների աչքի առաջ ինձ գետնին գցած տանում էին։ Ես անգամ շատ հանգիստ ասել եմ՝ մեկ օր ժամանակ տվեք, քաղաքապետի հետ հանդիպում եմ խնդրել։ Ինձ չլսեցին, մենակ ասում էին ջարդեք, քանդեք։ Ինձ տարան մարդասպանի նման, չեմ լսել ինչ էին երեխեքը գոռում։ Ասում էի՝ թողեք կգամ, էս ինչ եք անում»։

Ոստիկանական աննախադեպ բռնության ենթարկված Ռաֆայելյանը հակադարձում է քաղաքապետարանի խոսնակին։ Ինքնակամ որակված շինությունը քանդելիս տարածքում երեխաներ են եղել՝ դա նկատել են նաև աշխատակիցները, չնայած Կարապետյանը պնդել է, թե հայրն է երեխաներին այդ տարածք բերել։

«Ես միշտ կառավարության կողքին եմ եղել, քաղաքական հարցերում չեմ խառնվել։ Վիրավորված եմ Հակոբ Կարապետյանից, ով ասել է, թե ես երեխաներին իրենց գալուց հետո եմ բերել՝ խղճահարության համար։ Իրենք են առաջին անգամ եկել, տեսել երեխաներին, հետո ես։ Նույն բաները թող կանգնեն իմ աչքերի մեջ նայելով ասեն»։

Ռաֆայելյանը չէր էլ պատկերացնում, որ մի օր եկամտի հիմնական աղբյուրից կզրկվի։ Մինչև օրս չի էլ հաշվել, թե պարտքով ձեռք բերած ապրանքները փլատակների տակ հայտնվելուց հետո ինչքանի՞ վնաս է կրել։ Ասում է ՝ուզում է լինել օրինական քաղաքացի, սակայն այսօր հուսալքվել է։ Մինչ քաղաքացին մոլորվել է իր խնդիրների մեջ՝ փաստաբանները նրան խորհուրդ են տալիս գնալ մինչև վերջ՝ հասնել ՄԻԵԴ։ Վստահ են՝ ոստիկանի համազգեստով անձանց կողմից ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումն ու անմարդկային վերաբերմունքը անպատիժ չպետք է մնա։

Մանրամասները՝ տեսանյութում