գլխավոր Facebook Որ պահին արթնացավ ժողովուրդը, այդ պահից իրենց պլանները կիսատ են մնալու․ Գևորգյան

Որ պահին արթնացավ ժողովուրդը, այդ պահից իրենց պլանները կիսատ են մնալու․ Գևորգյան

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ալիևը խայտառակ զրպարտությամբ նորից ի ցույց դրեց իր մաղձը ընդդեմ այն շրջանի, երբ մենք հաղթանակած պետություն էինք ու մեր պատմական հայրենիքը ազատագրածի արժանապատվությամբ էինք ներկայանում միջազգային հարթակներում։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Դավադիր գործարքի արդյունքում Արցախի 75 տոկոսը օկուպացրած ալիևը բավական չէ, որ իրեն հայրենական պատերազմում հաղթող հանրահռչակեց, դեռ մեզ էլ զրպարտեց տասնամյակներ շարունակ Արցախը՝ Իրան-Հայաստան-Եվրոպա նարկոտրանզիտ դարձնելու, Արցախում ահաբեկիչներ պատրաստելու, Արցախը էկոլոգիական աղետի հասցնելու, իրենց հազարամյա մզկիթները ապականելու մեջ (հարյուր տարվա պատմություն ունեցող ադրբեջանը խոսում է իր հազարամյա մշակույթի մասին, սա նաև ծաղր է միջազգային հանրությանն ուղղված)։

Այսքանով օլուխը չսահմանափակվեց և հայտարարեց, որ Հայաստանը պետք է ճանաչի ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու նոր միայն իրականացվի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։ Ծանրագույն զրպարտանքներ, սուտ ու կեղծիք մեր պետությանն ուղղված, և մեր կողմից ոչ մի փաստական, առարկայական, իրավական հակադարձում: Ընդամենը դավադիր դրածոն հպանցիկ, ձևական բնորոշում տվեց ալիևի զրպարտությանը և անցավ ջուր ծեծոցիի, էլ ավելի ակնհայտ դարձնելով, որ ժամանակ է ձգում մինչև Սյունիքի միջանցքի հանձնման փաստաթղթի ստորագրումը։

Եվ ցավոք, մինչ այս պահը, իր ձեռքերում է ամենագլխավոր հաղթաթուղթը` ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ։

Այս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի, քանի որ շատ լավ գիտակցում է, որ պահին արթնացավ ժողովուրդը, այդ պահից իրենց պլանները կիսատ են մնալու, այդ պահից կանգ է առնելու մեր պետականության գահավիժման ընթացքը, ուղղելու ենք մեր մեջքը, ապրելու ենք պատվով և զարգանալու ենք։

Հ.Գ. Հիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք»,- գրել է Գևորգանը: