գլխավոր Միջազգային Անկարայի համբերությունը սպառվել է. Սիրիայում Թուրքիայի պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի. Էրդողան

Անկարայի համբերությունը սպառվել է. Սիրիայում Թուրքիայի պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի. Էրդողան

Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սիրիայի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ Քուրդիստանի բանվորական կուսակցության «ահաբեկիչների» խարդավանքների նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է:

«Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ահաբեկիչների դեմ», – վստահեցրել է նա:

Հիշեցնենք, որ օրերս երկրի երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար: 

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է քրդերի կողմից ահաբեկչական հարձակումների թիվը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ Քրդական բանվորական կուսակցության զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքը, այդ թվում`ականանետերից:

«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից գնդակոծվում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ «Եփրատի վահան» գործողությունների մեկնարկից հետո, մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից՝ նրանց տանելով 30 կմ դեպի Սիրիայի խորքը: Մոսկվան պարտավորվել է նաև ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մենբիչ շրջանները: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել», – հայտարարել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նույնպես պատասխանատու են սիրիացի խաղաղ բնակիչների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար: Նրանք չեն կատարել իրենց խոստումները, պարզաբանել է թուրք նախարարը:

Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիայինն մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն:-