գլխավոր Միջազգային «Իրանը մոտենում է միջուկային զենքին, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած...

«Իրանը մոտենում է միջուկային զենքին, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար». Իսրայելի ԱԳ նախարար

Իրանի հետ բանակցությունների հետաձգման յուրաքանչյուր օր Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի մշակմանը, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայյանի հետ համատեղ ասուլիսում:

«Իմ այցի կենտրոնում Իրանի միջուկային սպառազինման մրցապայքարն է, Իրանի վերածվելը նախաշեմային միջուկային պետության: Ամեն անցնող օր, ցանկացած հետաձգում և բանակցությունների ձգձգումն Իրանին մոտեցնում է միջուկային ռումբին: Եթե ահաբեկչական ռեժիմը միջուկային զենք ստանա, մենք պետք է գործենք: Իսրայելն իրեն իրավունք է վերապահում գործելու ցանկացած պահի և ցանկացած միջոցով, որը ոչ միայն մեր իրավունքն է, այլև մեր պատասխանատվությունը»,- ասել է իսրայելցի գործիչը:  

«Մենք պատմության նոր գլուխ ենք գրում: Դա չափավոր երկրների դաշինք է»,- ասել է Լապիդը՝ դիմելով ամերիկացի և արաբ գործընկերներին: