գլխավոր Միջազգային Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը կողմ է «3+3» ձևաչափով բանակցություններին միանալուն, սակայն իր պայմանն...

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը կողմ է «3+3» ձևաչափով բանակցություններին միանալուն, սակայն իր պայմանն ունի

Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափով (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Թուրքիա-Իրան) բանակցություններին՝ ուղղված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, կարևոր է, սակայն հնարավոր է միայն մյուս անդամների կողմից նրա տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի «Եվրոպացի սոցիալիստներ» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության տարածած հայտարարության մեջ:

««Եվրոպացի սոցիալիստներ, կուսակցության անդամները կարծում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը «3+3» ձևաչափով համատեղ տարածաշրջանակին համագործակցության մասին կարևորագույն է: Միևնույն ժամանակ մասնակցությունը տվյալ հարթակում պետք է իրականացվի մեկ պայմանով, որ տարածաշրջանային երկրները ճանաչեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունում կարծում են, որ Վրաստանը չի կարող ընտրել հարևաններին, որոնց հետ պետք է ապրի: «Մենք չենք կարող փոխել տարածաշրջանը, աշխարհագրական տեղադիրքը: Մենք չենք կարող հարևանների ընտրել մեզ համար: Մենք ունենք բանականություն, որ երկրի կենսական շահերից ելնելով՝ պրագմատիկ, իրատեսական և բարիդրացիական քաղաքականություն վարենք»,- հավելել են կուսակցությունից:

Ընդդիմադիր կուսակցությունից վստահություն են հայտնել, որ Վրաստանը չպետք է բաց թողնի նման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին հայտարարել էր, որ չնայած ՌԴ-ի հետ տարաձայնություններին՝ Վրաստանը պետք է ներկայացված լինի նմանօրինակ խոշոր նախագծում»: