գլխավոր COVID-19 Կորոնավիրուսով վարակվածների 0.7%-ն է կրկին վարակվել Covid-ով, բայց ԱՆ-ն պնդում է՝ բնական...

Կորոնավիրուսով վարակվածների 0.7%-ն է կրկին վարակվել Covid-ով, բայց ԱՆ-ն պնդում է՝ բնական իմունիտետը պատվաստմանը խոչընդոտ չէ․ «Փաստինֆո»

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ընդամենը 1885 դեպք։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Փաստենք, որ նույն օրվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսով ընդհանուր առմամբ հիվանդության 268.672 դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի սկզբից մինչ հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում (առաջին և երկրորդ ՊՇՌ թեստավորման արդյունքների տարբերությունը 90 օր) արձանագրվել է 1885 կրկնավարակի դեպք»,- նշված է նախարարության պաշտոնական գրության մեջ։

Այսինքն՝ կրկնավարակի թիվը փաստացի հիվանդացածների թվից կազմում է 0.7%, ինչը վկայում է, որ բնական իմունիտետը լավագույնս է պայքարում համավարակի դեմ, սակայն հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը, որով քաղաքացիները աշխատանքի պետք է ներկայանան կա՛մ թեստավորված, կա՛մ պատվաստված՝ հաշվի չառնելով արյան մեջ հակամարմինների քանակը։

Նախարարությանը խնդրել էինք պատասխանել, որ բնական իմունիտետ՝ հակամարմին ունենալու դեպքում արդյո՞ք պարտադիր է պատվաստումը։ Առավել եւս, երբ կրկնավարակի հավանականությունը խիստ ցածր է, ինչին ի պատասխան ԱՆ-ն պնդել է, թե նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար։

«Ապացուցողական բժշկության տվյալներով չկա հակամարմինների սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»,- գրավոր հայտնել են ԱՆ-ից, սակայն խուսափել ասել, թե պատվաստվելուց հետո ՀՀ-ում քանի անձի մոտ է գրանցվել կորոնավիրուս ու ինչ ծանրության։

Նշենք, որ «Փաստինֆո»-ն ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էր նաեւ տեղեկություն տրամադրել թե կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստվելուց հետո քանի՞ անձ է վարակվել կորոնավիրուսով, քանի՞սն են հոսպիտալացվել, իսկ քանի՞սը՝ մահացել։ Հոկտեմբերի 13-ին ԱՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, թե տվյալներն ամփոփվում են։

«Կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած անձանց շրջանում պատվաստումներ ստացածների վերաբերյալ վիճակագրությունն այս պահին ամփոփման փուլում է»,- ասված է պաշտոնական պատասխանում։

Նկատենք, որ նման պաշտոնական վիճակագրություն տրամադրելու վերաբերյալ գրավոր հարցմամբ ԱՆ-ին դիմել էինք նաեւ օգոստոսին եւ ամիսներ առաջ եւս առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե «պատվաստված և պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակված դեպքերի վերաբերյալ վիճակագրությունն ամփոփման փուլում է»։ Ասել է թե՝ անցած 2-3 ամիսների ընթացքում նախարարությանը չի հաջողվել ամփոփել վիճակագրությունը, ինչը ցուցանում է, որ կամ այդ ոլորտում ուղղակի ամենաթողություն է տիրում, կամ էլ ցուցանիշն այնքան մտահոգիչ է, որ առողջապահության նախարարությունն ուղղակի դրանք թաքցնում է հանրությունից։

Այս վարկածի հիմնավորվածության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ պատվաստված անձանց շրջանում ոչ միայն կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, այլ նաեւ մահվան դեպք, ինչի մասին հայտարարել է առողջապահության նախարարն անձամբ։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել: 80-ամյա տղամարդը, ըստ նախարարի, կորոնավիրուսից է մահացել՝ պատվաստումից հետո։ Ի տարբերություն նշենք, որ կրկնակի վարակված անձանց շրջանում նման ծանր ելքի մասին առողջապահության նախարարությունն իր գրությամբ չի հայտնել։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։