գլխավոր Քաղաքականություն Ներարկման լուծույթներն ու դեղերն անվճար կմատակարարվեն բանակին

Ներարկման լուծույթներն ու դեղերն անվճար կմատակարարվեն բանակին

«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցները կմատակարարի բացառապես անվճար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ, որին էլ պատկանում է «Ֆարմատեքսը»։

«Բանակին ներարկման լուծույթներ, ախտահանիչ հեղուկներ ու տարբեր դեղամիջոցների անվճար մատակարարման գործընթացն արդեն իսկ սկսված է»,– նշված է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ: