գլխավոր Գլխավոր Ինչպե՞ս և ինչու՞ է պետք պահպանել տեղեկատվական հիգիենան

Ինչպե՞ս և ինչու՞ է պետք պահպանել տեղեկատվական հիգիենան

Պատերազմական շրջանում պատերազմ է ընթանում նաև տեղեկատվական դաշտում, որը մեր օրերում ոչ պակաս կարևոր ու ազդեցիկ կարող է լինել: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը գրավել մի խնդրի վրա:  Տեղեկատվական հիգիենա: Իրականում մինչև պատերազմն էլ, պատերազմի սկսվելուց հետո ավելի ինտենսիվ կերպով մասնագետները խոսում են սրա մասին: Բայց մարդիկ համառորեն շարունակում են «տեղեկատվական նախիրի միջից էշի ճակատը պաչել»: Ինչու՞ է այդքան կարևոր տեղեկատվական հիգիենան և ինչու՞ այն պահպանել: Ի՞նչ անել և ի՞նչ չանել:

Հետևել միայն պաշտոնական լրահոսին, տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն

Հատկապես ճգնաժամային օրերին, կլինի դա պատերազմ, թե համաճարակ, տեղեկատվությունը տարածվում է կայծակնային արագությամբ: Ու ձեզ, հարգելի օգտատերեր, ձեր ընկերներից բացի կարդում է թշնամին, ու կարող է շատ վերլուծություններ անել ձեր գրառման, կամ կիսված լուսանկարի հիման վրա: Panarmenian.net կայքի խմբագիր Նիկոլայ Թորոսյանն, օրինակ, շատ պարզ բացատրել էր, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, երբ նկարում եք մեր ՀՕՊ գործողությունները գիշերային երկնքում: Կամ երբ նկարում եք թշնամու ընկած արկը քաղաքի կենտրում:

Երբ դուք նկարում եք, ոնց ա ՀՕՊ-ը դռոն խփում ու քցում եք ինստագռամ, դուք չեք հասկանում՝ թշնամին դրանից ինչ ա շահելու,…

Gepostet von Nikolay Torosyan am Donnerstag, 1. Oktober 2020

Դրանով դուք թշնամուն ուղղություն եք տալիս, ու նա կարող է հասկանալ, որ այս դեպքում գերհաշվարկ կամ թերհաշվարկ ունի: Երբ պաշտոնական մարմիններն են դա անում, նրանք հաշվի են առնում բոլոր հնարավոր ռիսկերը: Անգամ ամենահասարակ լրագրողն է ունակ այդ լուսանկարները վերլուծելով հասկանալ տեղորոշումը, իսկ հատուկ ծառայություններում դրա համար նախատեսված ալգորիթմներ կան:

Հետո: Թշնամական կողմը հատուկ հայալեզու ռեսուրսներով, որոնցից մեկն էլ երեկ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց, կեղծ տեղեկատվություն ու լուսանկարներ է տարածում, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու և այն բարոյալքելու համար: Իհարկե, ոչ ոք չի ասում, թե բոլոր ոչ պաշտոնական աղբյուրներն են սուտ լուրեր տարածում, բայց, քանի որ դուք հաճախ չեք տարբերում վստահելի ու ոչ վստահելի ռեսուրսները, ապա հետևեք միայն պաշտոնականին, այն հաստատ վստահելի է: Ու հետո, ևս մեկ նոր ոչ պաշտոնական ինֆորմացիա իմանալը Ձեզ ոչինչ չի տալու, բացարձակապես ոչինչ, միայն գուցե մի քանի լայք, որոնց օգտակար գործողության գործակիցը ձգտում է զրոյի:

Ինչպե՞ս տարբերել վստահելին, ոչ վստահելիից

Ճգնաժամային օրերին կարդացեք միայն ձեզ ծանոթ ու արդեն հայտնի լրատվամիջոցներին ու անձանց: Նոր լրատվամիջոց հանդիպելու դեպքում մի պահ ուշադիր եղեք, արդյո՞ք նա պաշտոնական տեղեկատվություն է տարածում, թե դիտումների համար պատրաստ է ամեն ինչի: Եթե միայն պաշտոնական է տարածում, կամ էլ հստակ հղումներ է տալիս հստակ անձանց ու աղբյուրների, կարող եք սկսել զգուշորեն հետևել: Կան .az դոմեյնով հայալեզու ռեսուրսներ: Մի բացեք, անցեք, դրանք ադրբեջանական են, ինչքան էլ գայթակղիչ լինի վերանգիրը կամ լուսանկարը: Թույլ մի տվեք հակառակորդին ստահոդ լուրերով խուճապ տարածել ձեր շրջանում:

Ու մի բան էլ, երբ ասում են՝ հետևեք միայն պաշտոնական լրահոսին, դա չի նշանակում, որ ձեզնից ինչ-որ բան են ուզում թաքցնել: Պարզապես ձեր տարածած ոչ պաշտոնական լուսանկարներով հարվածի թիրախ եք դարձնում մեր զինվորներին ու ինքներդ Ձեզ: