գլխավոր Տնտեսություն Զանգեզուրի կոմբինատի գործարքի դիմաց ՀՀ–ում նոր ատոմակայան կկառուցվի

Զանգեզուրի կոմբինատի գործարքի դիմաց ՀՀ–ում նոր ատոմակայան կկառուցվի

ՀՀ ժողովուրդը 2000-ական թվականներից հետո առաջին անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԶՊԿ–ի բաժնետոմսերի 15 տոկոսը վարչապետի աշխատակազմին նվիրելու գործարքի մասին հարցին։

«Ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի, կառավարության այդ փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերով, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև արձանագրեց, որ գործարքի մասին հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, թե այն «մութ» ու «կասկածելի» է։

«Այ, եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն և այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ այլ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ, ասենքվարչապետի ընտանիքի անդամ կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այ, այդ դեպքում կլիներ մութ գործարք»,– ասաց Փաշինյանը հավելելով, որ խորհրդարանի դահլիճի ընդդիմադիր հատվածում նստած մարդիկ կան, որոնք այդպիսի գործարքներ արել են։

Վարչապետը նշեց, որ ընկերության տնօրինության կողմից ՀՀ կառավարությանն արվել է առաջարկ, որի քննարկման արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին։

«Այդ առաջարկը ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը` պղնձաձուլարանի կառուցում, ինչը նշանակում է, որ ՀՀ–ն այլևս ոչ թե խտանյութ պիտի արտահանի և ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ, այլ ՀՀ–ում պետք է թողարկվի պղինձ, երկրորդը` այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու մասին։

«Կառավարության մասնակցությունն այս գործին հենց սրանով է կարևոր, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, և կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա»,– ասաց նա։