գլխավոր Գլխավոր Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է....

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ։

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։

Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար:»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։