գլխավոր Քաղաքականություն Միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային մարմնի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի եւ Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»: «Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնց ընթացքում միջազգային հանրությունն անզոր է: Ուստի ես կողմ եմ, որ այսօր եւ վաղը խնդիրները լուծվեն, եւ դրանք մեր երեխաներին չթողնվեն»,- ասել է նախագահը:

«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որ եւ Սերբիայի կառավարությունը, եւ բանակցություններում ներգրավված բոլորը անեն ամեն ինչ՝ [Բելգրադի եւ Պրիշտինայի] փոխզիջումային լուծմանը մոտենալու համար: Չնայած, ինչպես ինձ թվում է, մենք գրեթե երբեք չենք հեռացել փոխզիջումային լուծումից»,- Սերբիայի առաջնորդին է մեջբերում երկրի ազգային RTS հեռուստատեսությունը: Նա հայտնել է, որ Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար մարզում այժմ ապրում է 95 հազար սերբ, «բայց սա կյանք է այսօրվանից մինչեւ վաղը, ոչ ոք չգիտի, թե ինչ է բերելու հաջորդ օրը»: