գլխավոր Իրադարձային Ալիևը դեմ չէ հանդիպել Փաշինյանին, բայց նախապայմաններ ունի

Ալիևը դեմ չէ հանդիպել Փաշինյանին, բայց նախապայմաններ ունի

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիան, ԱՄՆ–ը և Ռուսաստանը) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա Իլհամ Ալիևը չի առարկի։

Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի առիթով «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպես է պատասխանել հանդիպման մասին հարցին Ադրբեջանի նախագահը։

Ալիևը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նրա մեկնաբանմամբ, ինքն այդ առաջարկն արել էր տարիներ շարունակ, այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», և թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է «աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի վրա», բայց և նախազգուշացրել է, որ 2020թ–ի պատերազմում կորցրած տարածքները հետ գրավելու Երևանի ցանկացած քայլի իր երկիրը բուռն պատասխան է տալու։

«Երկու երկրների միջև հակամարտությունը լուծվել է մեկընդմիշտ, և նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու»,– ասել է Ալիեւը` միաժամանակ հավելելով, որ լրացուցիչ տարածքային պահանջներ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի:

Ադրբեջանի նախագահը նաև հերքել է միջազգային կառույցների ու հայկական կողմի պնդումները Ադրբեջանում պահվող գերիներին մասին։ Ի պատասխան այդ հարցի, Ալիևը հայտարարել է, թե նրանք բոլորն ազատ են արձակվել: