
Շարքային Կարեն Ալեքսանյան. 4 ԱԹՍ՝ 2 օրում
Սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ:
Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայմաններում արագ կողմնորոշվել եւ խոցել է եւս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարեւոր մարտական խնդիր:
Մայոր Դավիթ Առուշանյան. 4 զրահատեխնիկա՝ 1 օրում
Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը հետեւակի մարտական մեքենայով (ՀՄՄ) մարտի է բռնվել եւ խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ:
Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց եւ իր վիրավորվելուց հետո` խուճապի չի մատնվել եւ ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել մինչեւ վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն եւ շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:
Սերժանտ Մնացական Սահակյան. 7 տանկ, 1 ՀՄՄ՝ 1 օրում
Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆագոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գեւորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ եւ խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը:
Շարքային Արեն Չոբանյան. 4 զրահատեխնիկա՝ 1 օրում
Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա եւ հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:
Շարքային Հովիկ Ասատրյան. 4 զրահատեխնիկա՝ 1 օրում
Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը եւ անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա: