գլխավոր Աշխարհ Իսպանական Պալմա կղզում վերսկսվել է հրաբխի ժայթքումը

Իսպանական Պալմա կղզում վերսկսվել է հրաբխի ժայթքումը

Պալմա կղզում (Իսպանիա, Կանարյան կղզիներ) վերսկսվել է հրաբխի ժայթքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտը: Ինստիտուտը Twitter-ում զետեղել Է ժայթքող հրաբխի ծխասյան լուսանկարը:

«Ժայթքման պատկերը մի քանի րոպե առաջ: Հաստատվում է նաև գլխավոր հրաբխային կոնի լավայի արտանետումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան լավան գտնվել է օվկիանոսից 1,6 կիլոմետր հեռավորության վրա և շարունակել դանդաղորեն իջնել դեպի այն: Հրաբխի ժայթքումը կանարյան Պալմա կղզում սկսվել է սեպտեմբերի 19-ին:

Մասնագետների գնահատմամբ, այդ ժամանակաշրջանում լավան ծածկել է ավելի քան 200 հեկտար հողատարածություն, ավելի քան 450 շենք, որոնց մեծ մասը բնակելի տներ են, որոնք լիովին ոչնչացել են: Քանդվել է Տոդոկի եկեղեցու զանգակատունը: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատասումների համաձայն, հրաբխի ժայթքումը կարող է տևել 24-ից մինչև 84 օր: