գլխավոր Միջազգային Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, ինչպես նաև տարածաշրջանային...

Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա բանակցություններում կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով մասնավորապես Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ «ամեն անգամ նախագահները խոսելու բան ունեն»: Նրա խոսքով, առաջիկա բանակցություններին, բացի տարածաշրջանային թեմաներից, նախատեսվում է քննարկել տնտեսական օրակարգը:

Բանակցությունները կկայանան առկա ձևաչափով:

«Գործնականում Ռուսաստանի նախագահի գրեթե բոլոր հանդիպումները շարունակվում են տեսաժողովների միջոցով, իհարկե, նախագահ Էրդողանի հետ հանդիպումը կլինի անձնական», – ասել է մամուլի քարտուղարը: 

Սպասվում է, որ Պուտինի և Էրդողանի բանակցությունները Սոչիում կկայանան սեպտեմբերի 29-ին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է քննարկել Պուտինի հետ Սիրիան, և գալ ինչ-որ կարևոր որոշման: Երկու նախագահների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին՝ Կրեմլում: