գլխավոր Աշխարհ Հրվ. Կորեայի նախագահը կոչ է արել արգելել շան միս ուտելը

Հրվ. Կորեայի նախագահը կոչ է արել արգելել շան միս ուտելը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ելույթ ունենալով կառավարությունում կայացած խորհրդակցությունների ժամանակ, նախարարների կաբինետին առաջարկել է քննարկել սննդի մեջ շների մսի օգտագործման պաշտոնական արգելքի ներդրումը, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը:

Առաջարկը հնչել է նրանից հետո, երբ Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը նախագահին հայտնել է թափառող շների խնամքը բարելավելու կառավարության ծրագրերի մասին:

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նախագահի առաջարկին կհետևի որևէ կոնկրետ գործողություն: Հարավային Կորեայում վերջին տասնամյակների ընթացքում պայքար է մղվում  շան միս ուտելու ավանդույթի դեմ: Շան միսը պաշտոնապես ներառված չէ սննդի մասին օրենքով հաստատված սանիտարական  ցուցակում, իսկ Սեուլում շան մսի վաճառքն անօրինական է ճանաչվել 1984 թվականից:

Այնուամենայնիվ, շան միս ուտելու հնագույն ավանդույթը, որի առաջին վկայությունը հայտնաբերվել է Կորեայում մ.թ.ա. 4-րդ դարի հուշարձաններում, այսօր դեռ կիրառելի է: Կան կիսագաղտնի ռեստորաններ, սովորաբար գյուղական վայրերում, որտեղ կարելի է պատվիրել շան մսից սնունդ: