գլխավոր Հարցազրույց Ընդունում ենք Ալիևի հայտարարությունը. Ադրբեջանի կազմում Արցախ չկա և երբեք չի լինելու....

Ընդունում ենք Ալիևի հայտարարությունը. Ադրբեջանի կազմում Արցախ չկա և երբեք չի լինելու. Բաբայան․ «Փաստինֆո»

Ալիևի հետ համաձայն ենք, չկա Արցախ Ադրբեջանի կազմում և չի էլ կարող լինել, որովհետև մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Նշենք, որ Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունն ավարտված է և ԼՂ տարածքային միավոր Ադրբեջանի տարածքում այլևս գոյություն չունի։

-Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջ, և Ադրբեջանի տարածքում ԼՂ տարածքային միավոր գոյություն չունի։

Հետաքրքիր է, բայց Ալիևի այդ հայտարարությունը լրիվ ընդունում ենք։ Չկա Արցախ Ադրբեջանի կազմում և չի էլ կարող լինել, որովհետև մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե ինքն այդ տեսակետից է դիտարկում հակամարտության կարգավորումը, այսինքն կա հարթակ բանակցելու։ Այդ լավ է, որ մտածում է՝ չկա Արցախ, իհարկե, ինքն այլ ձև է մտածում, բայց մենք ասում ենք՝ համաձայն ենք, որ չկա և չի կարող լինել Արցախ Ադրբեջանում։

Մեկ տարվա ընթացքում հակառակորդը փոխվե՞լ է, ինչպե՞ս պետք է խաղաղության հասնենք։

Հակառակորդը չի փոխվել։ Ավելի է աքլորացել, ինչը նաև ինչ-որ տեղ բնական է։ Սա պետք է հաշվի առնենք, երբեք չկոտրվենք, հասկանանք, որ ի վերջո ամեն ինչ մեր ձեռքերում է և անենք ամեն ինչ, որ կարողանանք ապաքինվել։

Ի՞նչ եք կարծում՝ առանց հակառակորդի նախապայմաններն ընդունելու կկարողանանք նրանց հետ խաղաղության գնալ։

Իհարկե։ Խաղաղությունն այն չէ, ինչ հակառակորդն է ասում։ Խաղաղությունը պետք է առաջին հերթին ռազմաքաղաքական հավասարակշռվածության վերականգնմամբ լինի։ Դա է ամենահուսալի խաղաղությունը, իսկ Ադրբեջանն ուզում է, որ մենք ընդունենք իր վերջնագրերը, ինչը չի կարող խաղաղության հուսալի հիմք լինել։

Ինչպե՞ս պետք է հակառակորդին պարտադրենք, որ ռազմաքաղաքական հավասարակշռվածություն պահպանի, եթե մեկ-մեկ տարվա ընթացքում անընդհատ խախտել է պայմանավորվածությունը և ռազմական սադրանքի դիմել։

Ճիշտ աշխարհաքաղաքականությամբ, դասեր քաղելով, մեր միասնականությունը վերականգնելով, մեկը մյուսի նկատմամբ ատելությունից ձերբազատվելով։ Այլ տարբերակ պարզապես չունենք։

Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում դասեր քաղե՞լ ենք։

Մեկ տարին շատ քիչ ժամանակահատված է։ Դասեր քաղել նշանակում է նախ հասկանալ՝ ինչ է մեզ հետ տեղի ունեցել, ազնիվ լինել։ Դրանից հետո մշակենք նոր ծրագրեր այս իրավիճակից դուրս գալու համար և այդ ծրագրերն իրականացնենք։ Միայն դա ցույց կտա դասեր քաղել ենք, թե ոչ։ Եթե այդ շղթայում ինչ-որ մի բաղադրիչ բացակայում է, նշանակում է՝ դասեր չենք քաղել։

Որպես Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային հարթակում հայկական կողմի կատարած դիվանագիտական աշխատանքը։

Ընդհանուր առմամբ աշխատանքը տարվում է։ Մեզ ժամանակ է պետք, որ հասնենք մեր նպատակին։ Բաներ կան, որ պետք է վերանայենք։ Իդեալիզմով չպետք է տառապենք։ Ինչքան հնարավոր է լինենք պրակտիկ, պրագմատիկ, նախաձեռնողական։ Քայլեր արվում են։ Դա գործընթաց է, որի արդյունավետությունը ժամանակը ցույց կտա։

Ի՞նչ նկատի ունեք իդեալիզմ ասելով։

Մենք ազգովի մի քիչ իդեալիզմի կողմնակիցներ ենք։ Իդեալիզմը լավ բան է, բայց չեմ ուզում դա միամտություն լինի։ Այսինքն մտածել, որ օրինակ արդարությունն է միշտ հաղթում, որ միջազգային հանրությունը միասնական է և չի թողնի, որ այս կամ այն լինի։ Տեսել ենք՝ ինչի է բերել այս ամենը։ Պատերազմը ցույց է տվել՝ ով որտեղ է։ Դրա համար պետք է շատ պրագմատիկ լինենք։