գլխավոր Միջազգային «Վրացի եմ, եղբա՛յր». նիգերիացին առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին

«Վրացի եմ, եղբա՛յր». նիգերիացին առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Թբիլիսիի քաղաքապետի աթոռին է հավակնում նաև «էկզոտիկ» թեկնածու, ծնունդով Նիգերիայից, իգբո ժողովրդի ներկայացուցիչ Արինզե Ռիչարդ Օգբունուջուն:

Ինչպես գրում է sputnik-georgia.ru-ն, նա «Մեր Միացյալ Վրաստանը» քաղաքական ուժի առաջնորդն է և պատրաստվում է պայքարել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար:

Օգբունուջուի խոսքով՝ ինքն ամեն ինչ անում է այնպես, ինչպես վրացիներն են անում, քանի որ յուրացրել է տեղական մտածելակերպը, խոսում է վրացու պես:

«Ինձ նույնիսկ ասում են, որ ես թբիլիսյան քայլվածք ունեմ: Ի դեպ, տեղացիներին ես դուր եմ գալիս: Չգիտեմ ինչու, բայց ես դա զգում եմ: Ինչ-որ մեկը, թերևս, քաղաքապետի իմ առաջադրման մասին կասի՝ ի՞նչ է պետք այս սևամորթին, իսկ ես կպատասխանեմ՝ վրացի եմ, եղբայր: Ես սիրում եմ այս քաղաքը, ես սիրում եմ այս երկիրը: Ցանկանում եմ, որ մարդիկ չտուժեն աղքատությունից, որպեսզի թափառող շները դժբախտ չմահանան փողոցում, որպեսզի երիտասարդներն ունենան ապագա և լավ աշխատանք: Ես չեմ գնում ընտրությունների, քանի որ ուզում եմ քաղաքապետ լինել: Ես գնում եմ ընտրությունների, որպեսզի իմ ձայնը լսելի լինի, ես ուզում եմ, որ բոլորը իմանան, որ ես այլևս չեմ կարող աչքերս փակել այն բանի վրա, թե ինչպես են իմ սիրելի երկրում մարդիկ սովից մահանում: Թբիլիսիի սիրելի՛ բնակիչներ, ես՝ Արինզե Ռիչարդ Օգբունուջուն, անկեղծորեն սիրում եմ այս քաղաքը և այս երկիրը»,-նշել է նիգերիացի քաղաքական գործիչը: