գլխավոր Իրադարձային Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա...

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր:

Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը:

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ առաջին 20 հաստիքները համալրվեն, բայց փաստն այն է, որ այդ պաշտոններից 10-ը ղեկավարներն են՝ նախագահ, տեղակալներ, վարչությունների պետեր, իսկ ինքնավար քննիչների պաշտոնները մնում են 10-ը, և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճի պայմաններում ակնհայտ է, որ այդ 10 հաստիքներով Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների բնականոն կազմակերպումը կոմիտեի կազմավորման փուլում շատ դժվար է լինելու, կարող են գործերի քննության արդյունավետության խնդիրներ լինել, այդ պատճառով առաջարկվում է այդ 20 հաստիքը դարձնել 30, ինչը հնարավորություն կտա ստեղծված պայմաններում կոմիտեի կազմավորման գործընթացը դարձնել ավելի սահուն և բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը»,– ասաց նա:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն: