գլխավոր Պաշտոնական Փաշինյանը հանձնարարել է ապահովել նոր հրամանի կիրարկումը

Փաշինյանը հանձնարարել է ապահովել նոր հրամանի կիրարկումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք:

Դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերբեռնված է, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում: Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն: Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի: