գլխավոր COVID-19 Moderna-ի ղեկավարը նշել է համավարակի ավարտի և բնականոն կյանքին վերադարձի հնարավոր ժամկետները

Moderna-ի ղեկավարը նշել է համավարակի ավարտի և բնականոն կյանքին վերադարձի հնարավոր ժամկետները

Կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել հաջորդ աշնանը՝ հաշվի առնելով պատվաստանյութերի աճող արտադրությունը, ասել է ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բենսելը, գրում է lt.sputniknews.ru-ն:

«Եթե նայեք արդյունաբերության ոլորտում արտադրական հզորությունների ընդլայնմանը վերջին վեց ամսվա ընթացքում, ապա հաջորդ տարվա կեսերին պետք է լինեն բավարար չափաբաժիններ, որպեսզի այս Երկրի վրա բոլորը պատվաստվեն»,- շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին ասել է Բենսելը:

Նա հավելել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են պատվաստումից, կորոնավիրուս կհիվանդանան, քանի որ աշխարհում ներկայումս գերիշխող դելտա շտամը բավականին վարակիչ է:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է վերադառնալ բնականոն կյանքին 2022 թվականի երկրորդ կեսին, Moderna-ի գործադիր տնօրենն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ մեկ տարի հետո: