գլխավոր Հասարակություն Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի վերցնում, ինչի համար էլ իրավիճակը բարդացել է

Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի վերցնում, ինչի համար էլ իրավիճակը բարդացել է

Արմավիրի մարզում այժմ խաղողի մթերում են իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը` բացառությամբ “Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ”-ի Ամասիայի մասնաճյուղի, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է: Խաղողագործների հետ հանդիպման ժամանակ ասել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

Մարզպետը հայտնել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 000 տոննա բերքատվությամբ:Մաթևոսյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ մթերվել է 28 188 տոննա խաղող:

Մթերում իրականացնող ընկերություններն ընդհանուր առմամբ պատրաստ են մթերելու շուրջ 60-65 000 տոննա խաղող:

«Այժմ խնդիր է առաջադրվել խաղողի բերքի մնացյալ 20 000 տոննայի մթերումը կազմակերպելու հարցում, որի ուղղությամբ էկոնոմիկայի նախարարության և համապատասխան համայնքապետարանների հետ ճշգրտվում է մթերման պայմանագիր չունեցող այգետերերի թիվը և մթերման ենթակա խաղողի ծավալը»,–ասել է մարզպետը:

Նրա խոսքով` մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու պատրաստակամություն են հայտնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:Նրանք հայտնում էին, որ խաղողը հանձնել են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Ամասիայի մթերման կետին, որն այս տարի չի մթերում խաղող։ Գյուղացիները չգիտեին` իրենց խաղողը մթերելու են, թե ոչ։