գլխավոր Միջազգային Կրեմլում ափսոսանք են հայտնել, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի խոսքերը հնչել են նրա՝...

Կրեմլում ափսոսանք են հայտնել, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի խոսքերը հնչել են նրա՝ ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման ժամանակ

Կրեմլը ցավում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները հնչում են այն պահին, երբ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով այն հարցին, թե ում է ՌԴ-ն համարում Էրդողանի խոսքերի հասցեատերը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Անշուշտ, հասցեատեր համարում ենք մեզ։ Եվ դա այդպես էլ ընկալում ենք»։

Մենք, իհարկե, ափսոսում ենք, որ նման հայտարարություններ հնչում են հիմա, երբ նախապատրաստվում է պարոն նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Մենք, այնուամենայնիվ, կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ տարածաշրջանային շատ թեժ մարտահրավերների լուծման գործում փոխգործակցության թեմատիկայի վրա, որոնք ծառացած են մեր երկրների միջեւ», – նշել Է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերում, հայտարարել է, որ Թուրքիան «կարեւոր է համարում պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի բռնակցումը Անկարան չի ճանաչում»: