գլխավոր Հասարակություն Գորիս-Կապան ավտոճանապարհին երկու քասախցիների անհետանալու ու Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ քրգործ դեռ...

Գորիս-Կապան ավտոճանապարհին երկու քասախցիների անհետանալու ու Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ քրգործ դեռ չի հարուցվել

Գորիս-Կապան ավտոճանապարհին երկու քասախցիների անհետանալու ու Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ անձանց՝ անհետ կորելու վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Դատախազության փոխանցմամբ՝ այս պահին դեռևս դատավարական որոշում չկա կայացված, այսինքն՝ նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս անհետացել էին ու հայտնվել ադրբեջանցիների կողմում։ Ըստ պաշտոնական վարկածի, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ ԱԱԾ-ի կողմից, երիտասարդները երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Մինչդեռ, թե Գորիսի համայնքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը եւ, թե տեղանքին քաջածանոթ անձինք պնդում են, որ այդ հատվածում մայրուղուց շեղվել հնարավոր չէ անգամ շատ մեծ ցանկության դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է, որից դուրս գալու դեպքում կհայտնվեին ձորում։ Այլ խոսքով՝ ադրբեջանցիները պարզապես առևանգել են ՀՀ քաղաքացիներին, ապա վերադարձրել սեպտեմբերի 19-ին՝ ժամը 23.45-ի սահմաններում՝ ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։

Նկատենք, որ ի տարբերություն դատախազությունը բավական ակտիվ է գործում ՀՀ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Օրինակ՝ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրգործը հարուցվեց տելեգրամյան ալիքում ինչ-որ ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում՝ առանց անգամ փորձաքննություն անելու ու պարզելու ձայնագրությունն իրական է, թե ոչ, մոնտաժված է, թե ոչ։