գլխավոր Միջազգային Թուրքական «Էնկան» դադարեցնում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը. Թբիլիսին միջնորդի է դիմել

Թուրքական «Էնկան» դադարեցնում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը. Թբիլիսին միջնորդի է դիմել

Թուրքական «ENKA Renewables» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է խզել Վրաստանի կառավարության հետ կնքած պայմանագիրը, որը վերաբերում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցմանը, պաշտոնական Թբիլիսին արդեն դիմել է ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման խորհրդին:

Պայմանագրի խզման վերաբերյալ առաջին հաղորդագրությունը տարածել էր թուրքական «ENKA INSAAT» ընկերությունը։ Հայտարարությունում նշվում էր, որ իր «Enka Renewables» դուստր ընկերությունը որոշել է խզել Նամախվանի կասկադի շինարարական աշխատանքների մասին պայմանագիրը փաստաթղթի երկարատև խախտման ու ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հաստատել է պայմանագիրը խզելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ընկերությունն իրենց տեղեկացրել է պայմանագրի հնարավոր լուծարման մասին:

«Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն իրոք ընկերությունից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ հնարավոր է` դուրս գա նախագծից դրա իրականացման մեկնարկից մեկ ամիս անց։ Ընկերությունը պատրաստվում է խզել պայմանագիրը, ինչի մասին նախապես զգուշացրել է», – նշել են գերատեսչությունում։

Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է նախագծի վերաբերյալ բոլոր հարցերը բացառելու համար։ Իշխանությունն արդեն դիմել է աշխարհի ամենահեղինակավոր միջնորդներից մեկին՝ ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման խորհրդին, ինչպես նաև հրավիրել է բոլոր շահագրգիռ ՀԿ–ներին ու ոչ կառավարական կազմակերպություններին։ Նախարարությունը հուսով է, որ «վեճը» հօգուտ Վրաստանի կլուծվի։

Գերատեսչությունում նշել են նաև, որ հասկանում են, թե ներդրողներն ինչ խնդիրների են բախվում այդպիսի ծավալուն նախագծերի դեպքում։ Նախագիծն ունի էկոլոգիական, սոցիալական ու տեխնիկական բնույթ, ուստի կառավարությունն ու ներդրողը պարտավոր են վերանայել նախագծի առանձնահատկությունները:

Իշխանությունը միաժամանակ հայտնել է, որ մտադիր է շարունակել հաղորդակցությունը ներդրող ընկերության հետ, որպեսզի ընդունվի պետության կողմից ճիշտ, արդարացված և հիմնավորված որոշում, որը չի վնասի նաև երկրի ներդրումային միջավայրին: