գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք չեն կարող մնալ...

Կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք չեն կարող մնալ անպատասխան․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խնդրի շուրջ առաջացած բազմաթիվ հարցերի մասին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Որոշումն արդարացիորեն առաջ է բերել հասարակության լայն զանգվածների դժգոհությունը, որովհետև այն բավարար չափով վերլուծված և պատշաճ կերպով կազմակերպված չէ։ Այս մոտեցումը հանգեցնելու է մի շարք խնդիրների, որոնք պետք է պարտադիր քննարկման առարկա դառնան.

1.Ամբողջ աշխարհն է գնում պատվաստման ճանապարհով, և դրան այլընտրանք դեռ չկա: Բայց պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման արդյունք պետք է լինի։ Մարդիկ պետք է մանրամասն տեղեկացած լինեն պատվաստման դրական և բացասական հետևանքների մասին։ Այն, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, որքան էլ առողջապահական անկեղծ նպատակներ ունենա՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Չի կարող մի իրավունքի ապահովման նպատակով խախտվել մի շարք այլ իրավունքներ՝ օրինակ, աշխատանք ունենալու, սոցիալական պաշտպանվածության իրավունքը։

2. Չի հասկացվում ինչով է պայամանավորված ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ բացասական արդյունքի պահանջը: Եթե դա ուղղված է վարակի կանխմանը, ապա որն է երաշխիքը, որ թեստերի միջև ընկած ժամանակահատվածում թեստ ներկայացնողը չի լինի վարակակիր: Միաժամանակ այն մոտեցումը, որ ՊՇՌ թեստը քաղաքացին 15 օրը մեկ պետք է սեփական միջոցներով կատարի, անհամաչափ գործողություն է և ցույց է տալիս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:

3.Պարտադիր պատվաստման պահանջը ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծելու գործատուի համար: Բազմաթիվ ընկերություններ պարբերաբար ենթարկվելու են տեսչական ստուգումների: Որոշման պատճառով գործատուն, որը չի կարողանալու հարկադրել աշխատողին պատվաստվել կա՛մ պետք է ստիպված լինի հոգալ աշխատողի ՊՇՌ թեստի ծախսերը, կա՛մ, կարգավորումների համաձայն, չթողնի աշխատողին աշխատանքի: Սա լրջագույն խնդրի առջև է կանգնեցնելու գործատուին:

4.Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ոչ բոլորն են ճանաչվում եվրոպական և աշխարհի մի շարք երկրներում։ Օրինակ՝«Սպուտնիկ» պատվաստանյութով պատվաստված անձինք խնդիր են ունենում Եվրոպա մեկնելիս, իսկ «Astra Zeneca» -ով պատվաստման հարցում շատերն ունեն վերապահումներ։ Խնդրի լուծումը կարող էր լինել «Pfizer» պատվաստանյութով պատվաստվելը, բայց ինչպես պարզվում է Առողջապահության նախարարությունում չգիտեն, թե Հայաստանը երբ կստանա «Pfizer» պատվաստանյութ, թեև հայտարարել էին, որ այն Հայաստանում կլինի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սա բնականաբար չի կարող իր բացասական ազդեցությունը չունենա պատվաստման գործընթացի վրա։ Մենք մարդկանց պարտադրում ենք պատվաստվել՝ առանց նախընտրելի պատվաստանյութերով ապահովելու։

5.Բազմաթիվ երկրներ գնում են կորոնավիրուսով վարակված և ապաքինված անձանց մեկ դեղաչափ պատվաստելու ճանապարհով։ Տպավորություն է, որՀայաստանում այդ մոտեցման մասին չեն էլ լսել:

6. Անթույլատրելի է տարբերակված մոտեցումը պատվաստվելու պահանջ ներկայացնելիս: Խտրականության արգելքը սահմանդրաիրավական նորմ է: Եվ չի կարող պատվաստման պահանջը չտարածվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

Հայաստանում իսկապես շատ դանդաղ է ընթանում պատվաստման գործընթացը՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325, մինչդեռ աշխարհում պատվաստվել է բնակչության 32.4%-ը՝ 2519101512 մարդ։

Սակայն հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ: Ցանկացած որոշում պետք է լինի մանրամասն վերլուծված և հիմնավորված: Այն չի կարող կարգավորվել հապշտապ որոշումներով: Կարճ ժամանակ անց այս որոշումը կրկին վերանայելու կարիք է առաջանալու: Առավել արդյունավետ կլինի վերանայել այն՝ հաշվի առնելով բոլոր խոչընդոտները, որոնց բախվելու ենք այս որոշումն իրագործելիս: