գլխավոր Իրադարձային Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Արցախի խնդիրը

Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Արցախի խնդիրը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկկողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։

Նշվում է, մասնավորապես, որ Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության հարցերը։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և կողմերը քննարկել են Աֆղանստանի հարցով համատեղ գործողություններն ու անհանգստություն առաջացնող տարածաշրջանային խնդիրները», – ասված է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ, ТАСС-ի տեղեկություններով, լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության բարձրաստիճան հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ բավական երկարատև հանդիպման ժամանակ Բլինկենն ու Չավուշօղլուն խոսել են Կովկասի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասին:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։