գլխավոր Իրադարձային «Ժողովուրդ». Նոր ԱԺ աշխատանքների մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները դեռ պասիվ են

«Ժողովուրդ». Նոր ԱԺ աշխատանքների մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները դեռ պասիվ են

«Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներն ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը դժվարացնող:

Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել և դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում:

Մեկ այլ նախագիծ էլ՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել:

Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։