գլխավոր Իրադարձային Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են...

Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտել

Այսօր Արցախում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14։09-ին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։

Անմիջապես դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ Կարմիր շուկա գյուղում երթևեկելիս Վ.Ա.-ի մեքենայում դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է առաջացել։ Դրա հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կարմիր շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։

Ապա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է դիմացից ընթացող “Օպել Աստրա” ավտոմեքենային։ Կատարվածից հետո «Volkswagen»-ի վարորդը դիմել է փախուստի:

«Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքից ժամեր անց՝ ժամը 15։40-ին, Կարմիր շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։Դեպքի քննությամբ զբաղվում է ոստիկանությունը։

Պարզվում են վրաերթի, վթարի և վարորդի մահվան բոլոր հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: