գլխավոր Միջազգային Այս տասնամյակի մարտահրավերների հաղթահարումը կորոշի մարդկության ամբողջ ապագան. Բայդենը նախագահի պաշտոնում առաջին...

Այս տասնամյակի մարտահրավերների հաղթահարումը կորոշի մարդկության ամբողջ ապագան. Բայդենը նախագահի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ-ում

Կլիմայի ճգնաժամի, նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարումը և այս տասնամյակի այլ մարտահրավերները կորոշեն մարդկության ամբողջ ապագան: Ինչպես գրում է The Guardian-ը, այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Սա անհետաձգելի ընտրություն է, որի առջև մենք կանգնած ենք աշխարհի համար որոշիչ տասնամյակի նախաշեմին. տասնամյակ, որը բառացիորեն կսահմանի մեր ապագան: Որպես գլոբալ համայնք, մենք բախվում ենք հրատապ և մոտալուտ ճգնաժամերի, բայցև ահռելի հնարավորություններ են բացվում մեզ համար», – ասել է Բայդենը: 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն իր ուշադրությունը «անցյալի պատերազմներից» տեղափոխում է ներկայիս խնդիրների վրա, ներառյալ կիբերանվտանգությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը:

«Անցյալի պատերազմների դեմ պայքարելու փոխարեն, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում և մեր միջոցները տրամադրում ենք դիմակայելու մարտահրավերներին, որոնցից կախված է մեր հավաքական ապագան», – ասել է նա:

ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ ապավինելու է բազմակողմ ինստիտուտներին, աշխարհը պետք է աշխատի միասին, նշել է ԱՄՆ ղեկավարը:

«Քանի որ ԱՄՆ-ն իր ուշադրությունը կենտրոնացնում է աշխարհի առաջնահերթությունների և տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, որոնք այսօր և վաղը ամենակարևորն են, մենք դա կանենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ` բազմակողմ կառույցներում, ինչպիսին է ՄԱԿ-ը», – ասել է նա:

Բայդենի խոսքով՝  ԱՄՆ-ն վերականգնում և վերափոխում է աշխատանքը դաշնակիցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ:

ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր է համաշխարհային բեմում ռազմական ուժ կիրառել  միայն որպես վերջին միջոց, հավաստիացրել է Բայդենը:

«ԱՄՆ ռազմական ուժը պետք է լինի վերջին միջոցը, այլ ոչ թե առաջինը: Չի կարելի ուժ կիրառել աշխարհում առկա ցանկացած խնդրի լուծման համար»,-նշել է ղեկավարը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները չի ձգտում «սառը պատերազմ» սկսել և չի ցանկանում աշխարհը տեսնել՝ բաժանված «կոշտ բլոկների»:

Բայդենը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է վերադառնալ Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ սպասելով Թեհրանի նմանատիպ վերաբերմունքին: 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ձգտում է Կորեական թերակղզու «ամբողջական ապամիջուկայնացման», «կոնկրետ առաջընթացի» և «շոշափելի պարտավորությունների» այս ոլորտում: Միացյալ Նահանգները հավատարիմ է «լուրջ և կայուն» դիվանագիտական աշխատանքին՝ Հյուսիսային Կորեայի  միջուկային խնդրի լուծման համար, վստահեցրել է Բայդենը: