գլխավոր Իրադարձային Մենք մեր որդիների պես մինչև վերջին շունչը կկռվենք, բայց չենք դառնա ուրիշի...

Մենք մեր որդիների պես մինչև վերջին շունչը կկռվենք, բայց չենք դառնա ուրիշի ճորտը․ Կարին Տոնոյան

«Իմ խորին համոզմամբ այսօր չունենք անկախություն, որպեսզի տոնենք այն։ Տոնելու տրամադրություն էլ չունենք։ Անկախության իրական տերերը Եռաբլուրում են»,- այսօր նախատեսված մոմավառության ու լուռ երթից առաջ հայտարարեց «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։

Վերջինս նշեց՝ զավակնեը ապացուցեցին իրենց մահով, որ իրենք են երկրի տերերը, իսկ իր համար անկախության միակ չգրաված ամրոցը մնում է Եռաբլուրը, ուստի մի քանի մայրերով որոշեցին քայլել դեպի պանթեոն ու երդվել զավակներին, որ շարունակելու են պայքարը, վերադարձնեն հայոց անկախությունը։

«Ինքնախաբեությամբ տառապելը անիմաստ է։ Տարբեր սահմանային հատվածներում Ռուսաստանի, Ադրբեջանի դրոշներն են։ Կապանով ու Տավուշով երթևեկողները տեսել են, որ մեր հարազատ լեռների վրա տարբեր դրոշներ են, խեղճացած հայոց դրոշն է։ Երկրի իշխանությունը խնդրում է, որ թշնամի իրեն հանդիպի։ Մեր զավակներին առևանգում են երկրի ճանապարհից ու միջնորդությունը անում է ռուսական կողմը։ Սա փայլուն վկայություն է, որ անկախություն չունենք»։

Տոնոյանը նշեց՝ կարելի էր նշել անկախության օրը և ոչ թե տոնել։ Այսօր ռազմական հաստատությունների ուսանողներ պետք է քայլեին որպես բանակի կերտողներ, աշակերտները քայլեին հերոսների նկարներով, ապա քայլեին մայրերը՝ դրոշներով ու հայ մարդիկ, ովքեր հասկանում են, որ հային ընկճել հնարավոր չէ։

«Մենք մեր երկրում ստրուկի պես չենք ապրի։ Մենք մեր որդիների պես մինչև վերջին շունչը կկռվենք, բայց չենք դառնա ուրիշի ճորտը։ Բավ է, ինչքան դարեր դիմացել ենք։ Մեր զավակները, որ դրեցին կյանքը հանուն անկախության, պարտավորեցնում է ոտքի կանգնել ու տեր կանգնել հայրենիքին, հակառակ դեպքում արժանապատվություն չունենք»։

Տոնոյանը փաստեց՝ այս իշխանությունը դեմ է իրենց պայքարին, բայց դա էլ է ժամանակավոր ու շատ շուտով անպայման ցույց կտան, որ երկրի տեր ունեն։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մոմավառությունն ու երթը դեպի Եռաբլուր պանթեոն մեկնարկում է։

Երթը նվիրված է լինելու Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանին։ Պետական մակարդակով հոբելյանը կնշվի Ազատության հրապարակում, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղի կունենա խոստացված գունագեղ համերգը։