գլխավոր Իրադարձային Պետք է նախ ուշադրություն դարձնել հայերենին, քանի որ ռուսերեն վատ խոսողը հայերեն...

Պետք է նախ ուշադրություն դարձնել հայերենին, քանի որ ռուսերեն վատ խոսողը հայերեն էլ է վատ խոսում. Արթուր Ջանիբեկյանը՝ երևանյան բիզնես-ֆորումի պանելային քննարկմանը (տեսանյութ)

Հետաքննող ռոբոտը անցնում է խողովակատարների միջով և գտնվում վնասված հատվածները: «Investigate robot» նախագիծը մեկն է տասը ստարտափներից, որոնք հաղթող ճանաչվեցին «Buissup» գլոբալ ֆորումին, արդյունքում հեղինակները բախտ ունեցան մասնակցել Հայկական գործարար համաժողովին և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի ձեռքից ստանալ ներդրումային պայմանագրերը:

«Ռեալ կարող եմ ասել, որ շատ երիտասարդ ու հետաքրքիր թիմեր են մասնակցել, ու մեր ամբողջ էնտուզիազմով մենք ուզում ենք, որ հաջողության հասնեն: Հաջողությունը նաև սրանից հետո կախված է այն աշխատանքից, որը հետո մենք միասին կտանենք»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: 

Պայմանագրերի թղթապանակներ ձեռք բերելը սկսնակ ձեռներեցների համար գործարար հավաքի ամենասպասված պահն էր: Հայկական ամենախոշոր բիզնես ֆորումը սկսվեց պատմական ակնարկով` Լազարյաններից մինչև Ջամգարով եղբայրներ ու Մանթաշյանց: Անուններ, որոնք նպաստել են հայկական մշակույթի ու տնտեսության զարգացմանն ու էլ ավելի ամրապնդել հայ-ռուսական հարաբերությունները: 

«Հայ գործարարների ասոցիացիան հենց այս գործի շարունակողն է»,- վստահություն հայտնեցին ներկաները: Հեղինակավոր գործարարների կողքին դահլիճում էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, հայտնի բիզնեսմեն Սամվել Կարապետյանը:

«Մեզ համար հաճելի է, որ ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք այսօր չենք հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին, մենք կոչ ենք անելու ձեզ միջոցներ փոխանցել, մենք կոչ ենք անելու արդյունավետ միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ»,- նշել է Սամվել Կարապետյանը, որը խոսեց նաև «Տաշիր» ընկերությունների խմբի` առաջիկա հինգ տարվա ներդրումային ծրագրի մասին. ընդհանուր մոտ 800 մլն դոլար կտրամադրեն Հայաստանի ու Արցախի զարգացման համար, որից մինչև 600 մլն դոլարը կուղղվի էներգետիկ անվտանգության համար նախատեսված ծախսերին, 50 մլն դոլար կտրամադրեն արդյունաբերական նախագծերին, ևս 50 մլն դոլար կուղղվի Արցախին:

«Ես բարձրաձայնեցի մեր պլանների մասին, ուզում եմ հավատալ, որ մոտ ապագայում կլինեն նոր ծրագրեր, համոզված եմ, որ մեր ձեռքերում են հնարավորությունները, որոնք Հայաստանը ուժեղ երկիր կդարձնեն ու կապացուցեն ողջ աշխարհին, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»,- Պարույր Սևակի խոսքերով ավարտեց իր ելույթը հայտնի գործարարը: 

Գործարար համաժողովին կարևորեցին նաև լեզուների իմացության, հատկապես պետական մակարդակով դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցը, ինչը կարևոր է բիզնես համայնքի շփման համար: Պանելային քննարկմանը թեմային անդրադարձավ նաև ֆորումի համակազմակերպիչ, Comedy Club Production-ի հիմնադիր, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:

«Անգլերենի համաշխարհային տարածման միտում կա, և անգլերենը զարգացնելու հատուկ աջակցության կարիք չկա, այսպես, թե այնպես մենք օգտագործում ենք «Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Յութուբ»՝ մեծամասամբ անգլերենով, բայց այստեղ կրթական, աշխարհաքաղաքական և մի շարք այլ հարցերից ելնելով՝ պետք է ուշադրություն դարձնել ռուսերենին, չեմ կարող չասել, որ պետք է ամենից առաջ ուշադրություն դարձնել հայոց լեզվին ու այն զարգացնել: Չե՞ք նկատել, որ կան մարդիկ, որ վատ են ռուսերեն խոսում, բայց և նույնքան վատ են խոսում հայերեն, այսինքն` խնդիրը լեզուների մեջ չէ, այլ մտածելակերպի»,- այս պնդումն արեց Արթուր Ջանիբեկյանը, որն անդրադարձավ նաև հեռուստատեսային և մեդիա արտադրանք ստեղծելու նուրբ արվեստին:

«Կոնտենտ արտադրանքը բիզնեսի այն ճյուղերից է, որը ոչ մի կապ չունի լոգիստիկ և այլ արագ լուծվող խնդիրների հետ, և նման պրոդուկտների նշագիծը տասն անգամ ավելի շատ է, քան մրցակից բիզնեսներինը, իհարկե, ունեն նաև բացասական կողմեր: Առհասարակ, կոնտենտ ստեղծվում է այն երկրներում, որտեղ արվում է մի բան, որը թե՛ արտադրող երկրում է ընդունելի, թե՛ արտահանվողում, այս առումով բարդ է Հայաստանում, քանի որ հայ հասարակությունն իր բոլոր դրսևորումներով աուտենտիկ է, որպես իմպորտ ընդօրինակում է դրսինը, բայց որպես էքսպորտ մեր արածը դուրս տանելու առումով հարցը բարդանում է»,- այս տեսակետը հայտնեց Ջանիբեկյանը: 

Զրույցը կարող էր ժամեր տևել, բայց ի գործ: Ներկաներին տեսաուղերձով դիմեց նաև ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը. «Հայաստանը ցավոտ օրեր է ապրում, բայց կարծում եմ` այս անգամ էլ ճանապարհ կգտնի իր երջանկության ու ծաղկման համար»:

Մանրամասները` տեսանյութում: