գլխավոր Իրադարձային Փաշինյանն Անկախության օրվա հետ կապված հանձնարարական է տվել մարզպետներից մինչև թաղապետներ

Փաշինյանն Անկախության օրվա հետ կապված հանձնարարական է տվել մարզպետներից մինչև թաղապետներ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր մարզպետներին, թաղապետներին, համայնքապետերին՝ իրենց համայնքներում տոնական միջոցառումներ կազմակերպել, մարդկանց համար ուրախ տրամադրություն ապահովել, իսկ երեկոյան բոլորով ուղևորվել Հանրապետության հրապարակ, որտեղ անկախության տոնակատարության անվան տակ հերթական վստահության հանրաքվեն է անցկացնելու։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել «Հրապարակ» թերթին։

Ի դեպ, իշխանությունները հանրային պարսավանքի արդյունքում փոխել են տոնակատարության նախնական «գունագեղ» սցենարը, և այսօր ներկայացվելու է ավելի «զուսպ և դասական միջոցառում»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակը սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի, Հանրապետության հրապարակում կլինի մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին։

Այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։

Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է “գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին” արտահայտությամբ։

Այնուամենայնիվ, «գունագեղ» բառը շարունակվում է ասոցացվել Անկախության օրվա միջոցառումների հետ, և բողոքի ակցիաներն ընդդեմ այդ միջոցառման` չեն դադարել վերջիին մի քանի օրերին։